Լրահոս

16.03.2011 13:36


Գյումրիի որոշ հիվանդանոցներ սկսել են աշխատել խիստ ծանրաբեռնված աշխատակարգով

Վերջին շրջանում Գյումրու որոշ հիվանդանոցներ սկսել են աշխատել խիստ ծանրաբեռնված աշխատակարգով: Մասնագետները նշում են, որ նախորդ տարիների համեմատությամբ նկատվում է հատկապես  աղիքային վարակների, վիրուսային հեպատիտների, շնչառական ուղիների վիրուսային սուր վարակիչ հիվանդությունների աճ: Ոլորտի պատասխանատուների հավաստիացմամբ՝ մարզում և հենց Գյումրիում հիվանդության համաճարակ կամ բռնկումներ չկան, ուղղակի գարնան սկզբին տարբեր հիվանդությունների դեպքերի աճ է դիտվել: Բացի այդ, նշվում է, որ ավելացել է նաև հիվանդությունների գրանցման ցուցանիշը: Օրինակ՝ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը հոսպիտալացնում միայն առավել ծանր վիճակում գտնվող մանկահասակ երեխաներին:  Սակայն հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը հավաստիացնում է, թե համաճարակի վտանգ չկա, ավելին՝ հիվանդությունների թվի աճը պայմանավորված է առողջապահական ոլորտում տեղի ունեցած վերջին փոփոխություններով, որով նախատեսված է, որ 0-7 տարեկան բոլոր երեխաները բուժվելու են պետպատվերի շրջանականերում:

–Դիմում են ամեն փոքր բանի համար, որը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից բավականին լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում,-ասել է Աշոտ Կուրղինյանը:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ևս տարեսկզբի համեմատ վարակիչ հիվանդությունների թվի աճ նկատվում է, սակայն հիվանդանոցից կրկին տեղեկացնում են, որ անհանգստանալու կարիք չկա: Հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանի խոսքերով՝ նշված աճը սեզոնային բնույթ է կրում, ինչպես նաև կրկին պայմանավորված է մանկահասակ երեխաներին անվճար բուժօգնություն տրամադրելով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը