Լրահոս

16.03.2011 13:24


Ժառանգություն. «Այսպես այլեւս չի կարող շարունակվել»

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է մարտի 15-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պայքարի այդ ծայրահեղ եղանակով քաղաքացիական ահազանգ է հնչեցնում ողջ հայությանը` անարդարությամբ ու ապօրինությամբ վտանգված մեր պետականության ապագայի համար: Գործող իշխանությունները մեր սերունդների ապագան վտանգել են պետական ներքին ու արտաքին պարտականություններից իրենց փաստացի հրաժարումով եւ դրա փոխարեն իշխանությունը առնվազն յոթ տարով բռնազավթելու խմբային մտադրությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է համահասարակական ու համազգային  այն պահանջը, որով գործող իշխանությունը եւ նախագահը պետք է ետ շրջեն  պետության կուսակցականացման այս վտանգավոր գործընթացը, մեր երկրի համար իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրության պայմաններում գտնեն արտակարգ լուծումներ, այն է` հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ ձեւավորումը` վերադարձնելով հայ ժողովրդին իր ձայնը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:

Իսկ եթե ոչ, ապա իշխանությունները պարտավոր են իրավաբանորեն ամրագրել իրենց հրաժարումը սահմանադրական պարտականություններից, իսկ հասարակությունն էլ` հանրային սպասումներին համահունչ համախմբած ընդդիմությամբ պետք է տեր կանգնի երկրին, մեր ապագային` վերանվաճելով իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը