Լրահոս

16.03.2011 13:01


«Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ»

Հայաստանի Հանրապետությունում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, անկախության, ազատության եւ իրավահավասարության:

Համաքաղաքացիական շարժումը պետք է ունենա բացառապես մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախավի փոփոխությունը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է,այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության հիմնումը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մեջ ընդգրկված բոլոր միավորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքներից: Սահմանադրական կարգի հաստատումով միայն հնարավոր կդառնա ձեւավորել քաղաքական ազատ ու մրցակցային դաշտ, որտեղ եւ կբարձրացվեն ու կլուծվեն այս հարցերը: Օրակարգի եւ նպատակի որեւէ փոփոխություն անխուսափելիորեն բերում է Շարժման ներսում համախմբվածության թուլացում ու ներուժի նվազեցում:

Ըստ այդմ`համոզված ենք, որ.

Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ:

Շարժման մեջ ընդգրկված և Շարժմանը հարող բոլոր միավորները միմյանց հետ պետք է հարաբերվեն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Եվ ինչպես Շարժումն ամբողջությամբ, այնպես էլ նրա բոլոր միավորներն առանձին-առանձին պետք է լինեն ժողովրդավարական ոչ միայն նպատակադրումներով եւ գաղափարներով, այլեւ ներքին կառուցվածքով, բնույթով, գործողություններով` բոլոր օղակներում: Սա կդառնա Ազատ ու Անկախ Հայաստանում հասարակական-քաղաքական ապագա հարաբերությունների եւ զարգացումների երաշխիքը:

Ելնելով վերոնշյալից` կարեւորում ենք.

Ա. Շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքացիների պատասխանատվության գործոնը հավասարապես:  Իշխանությունն իրեն պատկանելու զգացողությունը յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է առաջացնի սեփական խոսքի արժեքի գիտակցություն եւ այդ խոսքի նկատմամբ բարձրագույն պատասխանատվություն: Իսկ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի անհատապես պատասխանատու է ինչպես սեփական, այնպես էլ հանուրի գործողությունների եւ անգործության համար, որոշումների ընդունման կամ դրանց մերժման համար, Շարժման ընթացքի եւ գործունեության արդյունքների համար, ինչպես սեփական, այնպես էլ հանուրի Ընտրության իրավունքի համար:

Բ. Խոսքի եւ գործի, հայտարարած նպատակի եւ գործունեության արդյունքների նույնականությունը: Շարժման իմիտացիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի:

Գ. Շարժման միակ օրակարգի անվերապահ գերակայությունը: Ցանկացած տիպի հավակնություն` լինի կուսակցական, խմբական, թիմային թե անձնական, միանշանակ պետք է ստորադասվի հիմնական նպատակին:

Վերոնշյալ դրույթները կիսող անձանց հրավիրում ենք ստորագրել Հայտարարության օնլայն տարբերակի ներքո` http://www.ipetitions.com/petition/havasarner/:

Հավասարների հավաք

Այս խորագրի վերջին նյութերը