Լրահոս

16.03.2011 12:50


Արամ Մանուկյան. «Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է ու շատ ռիսկային է. ես չէի անի»

Արամ Մանուկյան. «Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է ու շատ ռիսկային է. ես չէի անի»

Մարտի 15–ի գիշերվանից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։ Մեկնաբանելով նրա այդ քայլը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հանդիպել է Ր. Հովհաննիսյանի կնոջը և «Ժառանգություն» կուսակցության անդամներին ու միանշանակ ողջունում է քաղաքական դրսևորումը.

Միայն ողջունում եմ, որովհետև նրանք, ովքեր այս իշխանության հետ ճանապարհ չունեն, պահանջում են իշխանության հրաժարականը և կոնկրետ առաջարկներ ունեն, մենք համախոհներ ենք, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ողջունում եմ քայլը, աջակցությունս եմ հայտնում։

Այդուհանդերձ, նա նշել է, թե դա շատ արագ քայլ էր, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես է արել, ուրեմն պետք չէ քննարկել. եթե արել է, ուրեմն լավ է արել։

Եթե պահանջ ես դնում ու վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող է հայտնվես դժվար վիճակում։ Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է ու շատ ռիսկային է. ես չէի անի,–ընդգծել է նա։

Նա նշել է, թե շատ ավելի հիմնավոր  ու լուրջ է լինում պահանջին հասնելը, երբ ժողովրդի կամքով է լինում, քան ծայրահեղ մեթոդներին դիմելով։

Չկարծեք, թե քննադատում եմ։ Դա իր իրավունքն է. լավ է արել, դա իր իրավունքն է։ Համարձակ քայլ է, բայց եթե կողքից զուգահեռ գնում է իսկական համաժողովրդական շարժում... Եթե նպաստում է, թող նպաստի, ի՞նչ ասեմ,–նշել է Արամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանին գործնական աջակցություն ցուցաբերելուն, Ա. Մանուկյանն ասել է.

Այսինքն՝ «պերեդաչի» տանեն՞նք։ Ո՞նց անենք։ Կատակի մասը հանենք։ ՀԱԿ–ն այնպիսի հիմնարկ չէ, որ որոշում կայացնի, որ Արամ Մանուկյանը հացադուլի է նստում։ Դա պոլիտբյուրո չէ։ Դա քննարկման նյութ չէ։ Աջակցություն, իհարկե, ես հիմա աջակցում եմ։ Գործնականը՝ երանի իմանամ, ո՞րն եք պատկերացնում։ Գործնականը դա հայտարարությունն է, մեր աջակցությունն է, այցելությունն է։ Բայց հացադուլի ձևով միանալը… Եթե ես ուզեմ, ես կգնամ, ինձ ոչ ոք չի կարող ասել՝ մի՛ գնա։

Արամ Մանուկյանը, սակայն, նշել է, թե պետք չէ իր ասածը  քար նետել համարել, սակայն ինքը չի կարծում, թե հացադուլն այս պահին պայքարի ճիշտ ձևն է. միգուցե 3 օր հետո հասունանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը