Լրահոս

15.03.2011 17:55


Ապրիլի 1–ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կգործեն անվճար

Ապրիլի 1–ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կգործեն անվճար

Երևանի ավագանին, նկատի առնելով 2011թ.–ի բյուջետային հնարավորությունները, մարտի 15–ին տեղի ունեցած  5-րդ  նստաշրջանի երկրորդ  նիստում միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երևան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին։

Օրակարգային մեկ այլ հարցով Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին։ Ավագանին միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցին։

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել Երևան քաղաքի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, համաձայն որի ` Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 48785112.4 հազ. դրամ, կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են  94.0%-ով:

Բյուջե փաստացի մուտքագրվել է 2338188.8 հազ. դրամ, կամ կատարողականը զիջել է ծրագրված ցուցանիշին 1420255.1 հազար դրամով, ինչը պայմանավորված է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե նախատեսված հատկացումների թերակատարմամբ` անհրաժեշտության բացակայության պատճառով:

Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 47890065.1 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 88.3%-ը:

Հաշետվության համաձայն, Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի միջոցների փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմել  են  98,2 %-ը:

Ընդհանուր առմամբ Երևան քաղաքի 2010թ. բյուջեն, ըստ հաշվետվության , կատարվել է 895047,3 հազար դրամ հավելուրդով՝  նախատեսված   2315220,8 հազար դրամ պակասուրդի դիմաց։

Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետն ընդգծել է, որ փաստացի կատարողականների շեղումը պայմանավորված է գրեթե բոլոր ծախսերի գծով առկա տնտեսումներով։

Զեկուցողը նաև նշել է, որ անկախ աուդիտոր «Ֆիտնեխ Աուդիտ» ՓԲԸ –ն ուսումնասիրել և դրական եզրակացություն է տվել հաշվետվությանը։

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2010թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Երևանի ավագանու հավանությանն է արժանացել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու տարեկան վարձավճարի չափի փոփոխության մասին հարցը։

Գնումների մասին ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտությունից ելնելով՝ քաղաքապետարանի աշխատակազմում գնումների վարչություն ստեղծելու մասին հարցն էլ ավագանին հաստատել է միաձայն։

Օրակարգում ընդգրկված  Երևանի ենթակայության մի շարք ՓԲ ընկերություններ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու հարցը նույնպես ավագանին հաստատել է միաձայն։ Այս կապակցությամբ քաղաքապետը նշել է, որ  այդպիսով շարունակվում է վարչական շրջանների պատվիրակված լիազորությունների ընդլայնման միջոցով տեղերում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը։

Ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցչի առաջարկությամբ նիստում նախատեսված հարց ու պատասխանը քվեարկությամբ տեղափոխվել է հաջորդ նիստ, որը ավագանու որոշմամբ,  կգումարվի 2011թ. ապրիլի 8–ին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը