Լրահոս

15.03.2011 17:31


Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների հետ»

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահը  շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու  կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ձևավորմանը: Այդ ամենի համար, Հանրապետության ղեկավարն առաջին հերթին  կարևորել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը,  անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների և փոխգործակցության ներուժի  մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ:

Դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը և Նախագահ Սարգսյանը կարևորել են նաև  միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը