Կարծիք

15.03.2011 17:18


Վտանգավոր խաղեր

Վտանգավոր խաղեր

Հայ ազգային կոնգերսի ակտիվիստ երիտասարդները` մի քանի օր է ահազանգում են, որ ինչ որ անհայտ տղաներ, Երեւանի տարբեր թաղամասերում հարձակվում են իրենց վրա եւ խլում ՀԱԿ-ի թերթոնները: Հայաստանյան իրավիճակից անտեղյակները լսելով այս մասին, միանգամից կեզրակացնեն, որ Հայաստանում գործում են միմյանց ատող երկու հիմնական քաղաքական ուժեր, որոնք պարբերաբար միմյանց հարձակումների են ենթարկում, կամ էլ կմտածեն, որ վարչախմբի հրահանգով են թերթոնները խլվում:

ՀԱԿ-ի երիտասարդները, որոնք հարձակման են ենթարկվում, կողոպտվում և ծեծի են ենթարկվում, նույնպես համոզված են, որ իրենց վրա հարձակվողները գործում են վարչախմբի հրահանգով: Բայց հայաստանյան իրավիճակին անծանոթները երբ մի փոքր ուսումնասիրեն իրավիճակը, ծանոթանան ներքաղաքական դասավորությանը և տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների հայտարարություններին, կհասկանան՝ Հայաստանում վարչախումբը համակիրների մեծ կամ փոքր բանակ չունի, որ նրանք ինքնաբուխ հարձակվեն քաղաքական հակառակորդների վրա: Ավելին, նրանք կհասկանան նաև, որ Հայաստանում հիմա բոլորովին այլ վիճակ է, քան 2008թ. հունվարին կամ փետրվարին:

Այսօր վարչախմբի ներկայացուցիչները և հենց վարչախմբի առաջնորդը բավական լավ խոսքեր են ասում քաղաքական հակառակորդի հասցեին: Եվ քանի որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենապարզ բաներն ապացուցելը խիստ դժվարացել է, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, թե ՀԱԿ-ը ամենահիմնական ընդդիմությունն է, թե ՀԱԿ-ի հանրահավաքների ընթացքում որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել և թե ՀԱԿ–ի ղեկավարներն ու համակիրները չեն հարձակվում ոստիկանների վրա, իսկ ահա «Ժառանգությունը» հարձակվում է: Իսկ գագաթնակետը Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն էր: Բառացի մեջբերենք, որ հետո չմեղադրվենք իրականությունը խեղաթյուրելու համար: «Վերջին 1-2 տարիներին Հայաստանում ընդդիմության հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում։ Կարծում եմ, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն»,-նշել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, որ ընդդիմության և իշխանության շարքերում կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև։ Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել լսելու ընդդիմության քննադատություններն ու առաջարկությունները, եթե դրանք իրատեսական լինեն:

Դե, այս հայտարարությունից հետո արդեն որևէ տրամաբանության մեջ չի մտնում, թե նույն Սերժ Սարգսյանը հրահանգել է հարձակվել թերթոն բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Նրանք, ովքեր փոքր–ինչ ծանոթ են հայաստանյան իրավիճակին, կհասկանան, որ առանց որևէ հրահանգի որևէ երիտասարդ չի հարձակվի ակտիվիստների վրա: Առաջին հայացքից փակուղային իրավիճակ է ստեղծվել: Բայց մի փոքր երկար մտածելուց հետո պարզ է դառնում, որ այս երկրին դեռ պետք են այնպիսի երիտասարդներ, քաղաքացիներ, ովքեր պետք է հավատան, որ վարչախմբի և ՀԱԿ-ի առաջնորդների հարաբերությունները թշնամական են: Անկեղծ լինենք՝ եթե չհավատան, ապա ՀԱԿ-ին դժվար թե հաջողվի այսքան մեծ հանրահավաքներ հավաքել:

Իրականությունը, սակայն, այնպիսին է, որ երկար ժամանակ այս իրավիճակը չի կարող շարունակվել: Եվ նույնիսկ ՀԱԿ-ի ֆանատները շուտով կկարողանան վերլուծել իրավիճակը և ամեն ինչ հասկանալ: Նրանք չեն կարող չնկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, այլ բավարարվում է վարչապետի ու մի քանի նախարարների հրաժարականի պահանջով: Նրանք կհասկանան, որ այդ պահանջին գրեթե անմիջապես արձագանքում է Սերժ Սարգսյանը՝ խոստանալով ցավոտ փոփոխություններ կառավարությունում: Ավելին, ՀԱԿ-ի առաջնորդներից մեկն էլ ասում է, որ եթե կառավարությունում արմատական փոփոխություններ լինեն, ապա դա դրական տեղաշարժ կլինի: Ահա սա է իրականությունը: Ընդդիմությունը պահանջում է, վարչախումբը մի քանի հաճոյախոսություններ է անում նույն ընդդիմության հասցեին և շատ պարզ հասկացնում, որ պահանջների գոնե մի մասը կիրականացվի, ՀԱԿ-ն էլ ասում է` շատ լավ: Իհարկե, մարտի 17-ի հանրահավաքում շատ սուր և գրեթե վճռական հայտարարություններ էլ կհնչեն, բայց մի բան է հայտարարությունը, մեկ այլ բան` գործը:

Սակայն որևէ մեկին թող չթվա, թե իրենք կկարողանան ամեն ինչ ուղղորդել և տանել այն հունով, որով ուզում են: Անցած տարիների ընթացքում ժողովուրդը բավական փորձառություն է ձեռք բերել, բացի այդ, թե՛ իշխանության ներսում, թե՛ ընդդիմության տարբեր հոսանքներում կան բավական թվով մարդիկ, ովքեր հասկանում են, որ այլևս խաղեր խաղալու ժամանակը չէ, և որ վտանգավոր այս խաղերով մեր երկրին մի քանի անգամ ավելի ծանր հարված կհասցնենք, քան վերջին երկրաշարժը և ցունամին՝ հզոր Ճապոնիային:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը