Լրահոս

15.03.2011 16:55


ՀՅԴ ԳՄ. «ՀՀ–ն պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»

ՀՅԴ ԳՄ. «ՀՀ–ն պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

«Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին: Նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը:

Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության: Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն ճանաչված պետություն, հետևաբար` միջազգային իրավունքի սուբյեկտ, և, բնականաբար, նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն:

Իսկ թուրքական կողմը ներկայացնող` այսպես կոչված «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը» ընդամենը հասարակական կառույց էր թուրքական օրինական իշխանության գոյության պայմաններում: Ավելին, թուրքական կողմը հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, և որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը:

Այսպիսով, ըստ վերը շարադրվածի, Մոսկվայի պայմանագիրն անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի: Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշևիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրն անվավեր է:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին-Աթաթուրք հանցավոր գործարքը: Նաև լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների և մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա, վերոնշյալ անօրեն և հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում «բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի» նիստը:

Աներկբա է, որ երկկողմ հարաբերությունները կարող են բարեկամության հիմք ստեղծել, եթե հիմնված են արդարության վրա և ուղղված չեն երրորդ կողմի դեմ»:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին

Այս խորագրի վերջին նյութերը