Լրահոս

15.03.2011 14:42


ՀԱԿ–ը կոչ է անում մարտի 17–ին անվերապահ ենթարկվել հանրահավաքի կազմակերպիչների կոչերին

ՀԱԿ–ը կոչ է անում մարտի 17–ին անվերապահ ենթարկվել հանրահավաքի կազմակերպիչների կոչերին

«Հայացք» ակումբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընթերցել է ՀԱԿ հայտարարությունը մարտի 17–ի հանրահավաքին ընդառաջ.

«Մեր տարածքային կառույցներից, ՀՀ հանրության հետ ինտենսիվացած շփումներից, ավելի քան 50 գյուղերում ՀԱԿ անցկացրած հանդիպումներից, անգամ սոցիալական ցանցերի մոնիթորինգից արդեն հասկանալի է, որ հասարակական գիտակցության մեջ այս օրերին կատարվում է հսկայական վերափոխություն, տեղաշարժ։ Ժողովուրդը, հասարակությունը նորից լցվում է վճռականությամբ, կամքով և հույսով՝ տեր կանգնելու իր սեփական երկրին, և սեփական ձեռքերը վերցնել պատասխանատվությունը Հայաստանի կառավարման ու զարգացման համար։ Համատարած տեղեկություններ ունենք, որ շարժմանն են միանալու ոչ միայն մարդիկ, որոնք տարիներ շարունակ հեռու են եղել որևէ քաղաքական ակտիվությունից, այլ նաև հազարավոր մարդիկ, որոնք նախկինում կազմել են իշխանությունների քաղաքական հենարանը, եղել իշխող քաղաքական ուժերի կողմնակիցները։ Այսպիսով՝ մենք վստահ ենք, որ մարտի 17–ի հանրահավաքը լինելու է աննախադեպ իր բազմամարդությամբ և ներկայացուցչականությամբ վերջին մի քանի տարիների կտրվածքով, և դա հատուկ պատասխանատվություն է դնում մեր բոլորի վրա։

Կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին, ընդհանրապես մարտի 17–ի հանրահավաքին մասնակցել ցանկացող բոլոր քաղաքացիներին՝ ապահովել այդ օրը բարձր կազմակերպվածություն և կարգապահություն, անվերապահ ենթարկվել հանրահավաքի և երթի կազմակերպիչների և նրանց ներկայացուցիչների կոչերին։ Սա կարևորագույն նշանակություն ունի ժողովրդի վճիռները կայացնելու և անշեղորեն իրագործելու համար։ Մենք նաև կոչ ենք անում ոստիկանությանը՝ հրաժարվել իր ագրեսիվ պահվածքից և հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված միջամտությունների ու սադրանքների փոխարեն զբաղվել հասարակական կարգուկանոնի պահպանմամբ։ Հաշվի առնելով մարտի 17–ին կայանալիք հանրահավաքին սպասվող աննախադեպ բազմամարդությունը՝ կոչ են անում ոստիկանությանը՝ փակել Կորյունի փողոցը Իսահակյան և Տերյան փողոցներից։ Ոստիկանությունը նաև պետք է հրաժարվի քաղաքացիական հագուստով ոստիկանների և գործակալ սադրիչների օգտագործումից։ Իշխանությունների և ոստիկանության, ինչպես նաև հասարակական կարգուկանոնը պահպանելու շահերից ելնելով՝ պետք է դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք լարվածություն են առաջացնում։

Վստահ եմ, որ մարտի 17–ը կնշանավորի ժողովրդավարության և սահմանադրական ազատությունների հաստատաման գործում լրիվ նոր մի էտապ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը