Աշխարհ

23.03.2020 16:12


Իսպանիայի փոխվարչապետին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Իսպանիայի փոխվարչապետին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Կարմեն Կալվոն հոսպիտալացվել է շնչառական վարակով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի կառավարությանը:

Փոխվարչապետը երեկ` մարտի 22-ին, այցելել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, որտեղ անցկացված անալիզներից հետո բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան: Փոխվարչապետին տրվում է շնչառական վարակների դեպքում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Անցկացվել է նաև կորոնավիրուսի անալիզ, որի պատասխանը դեռևս անհայտ է:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել Իսպանիայի կառավարության երկու անդամի` տարածքային քաղաքականության հարցերով նախարար Կարոլինա Դարիասի և իրավահավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի, ինչպես նաև փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասի կնոջ մոտ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում Իսպանիայի թագուհի Լետիսիան, որը մարտի սկզբին ներկա է եղել Մոնտերոյի մասնակցությամբ միջոցառման: Բացի այդ, կորոնավիրուս է հաստատվել նաև Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորրայի, Մադրիդի համայնքների կառավարության ղեկավար Իզաբել Դիաս Այուսոյի և այլ քաղաքական գործիչների մոտ:

Կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ` Բեգոնյա Գոմեսի մոտ: Բացի այդ, կիրակի տեղեկացվել է, որ կորոնավիրուսով են վարակվել նաև վարչապետի մայրն ու փեսան, նրանք հիմա գտնվում են հիվանդանոցում:

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի և մահվան ելքերի թվով Իսպանիան Եվրոպայում գտնվում է երկրորդ տեղում` Իտալիայից հետո: Մարտի 23-ի դրությամբ Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 33089-ի, մահացել է 2182 մարդ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը