Աշխարհ

23.03.2020 13:24


«Մի փոքր ջերմություն ունեմ և փոքր-ինչ հազում եմ»․ Մոնակոյի իշխան Ալբերը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին

«Մի փոքր ջերմություն ունեմ և փոքր-ինչ հազում եմ»․ Մոնակոյի իշխան Ալբերը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին

Օրերս Մոնակոյի թագավորական պալատը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Իշխանը բացառիկ հարցազրույց է տվել People ամսագրին` հայտնելով, որ իրեն լավ է զգում։

«Առողջականի հարցում փոփոխություն չկա։ Մի փոքր ջերմություն ունեմ և փոքր-ինչ հազում եմ։ Բժիշկները դեռ գոհ են առողջականիցս»,- ասել է 62-ամյա Ալբերը։

Նա մարդկանց վստահեցրել է, որ իրեն «լավ է զգում»՝ հավելելով, որ իր ախանշանները նման են գրիպին, բայց ավելի մեղմ տարբերակով։

«Առաջին մի քանի օրերի ընթացքում քթահոսություն ունեի»,- հայտնել է իշխանը՝ նշելով, որ չի կարող ասել, թե ինչպես և ումից է վարակվել։

«Դա կարող էր լինել շատ մարդկանցից։ Մի քանի շաբաթ փորձում էի հնարավորինս զգույշ լինել, ձեռքի ախտահանիչ միջոցներ օգտագործել, բայց երբեք վստահ չես կարող լինել։ Ըստ երևույթին, վարակվել եմ մեկ մետրից պակաս հեռավորության վրա մեկի հետ զրուցելիս։ Դա կարող է տեղի ունեցած լինել վերջին 10 օրերի ընթացքում»,- ասել է նա։

Իշխանը հավելել է, որ անանուն է անցել թեստը, քանի որ «չէր ուզում, որ իրեն այլ կերպ վերաբերվեին, քան մեկ ուրիշին»։ Նրա խոսքով՝ կան դեպքեր, որոնք ավելի լուրջ են, քան իրենը, և չէր ցանկանում, որ իրեն թեստ տրամադրեն այդ մարդկանցից առաջ։

«Հետևե՛ք հրահանգներին։ Այս վիրուսի տարածումը շատ լուրջ է։ Այն կարող է ցանկացած ժամանակ հարվածել ցանկացած տարիքային խմբի ցանկացած ներկայացուցչի»,- եզրափակել է նա։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը