Լրահոս

15.03.2011 13:17


Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք ԱՄՆ քաղաքներում

Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկի` մարտի 11-ին Բոստոնում, մարտի 12-ին Նյու Ջերսիում եւ մարտի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցան առաջին համայնքային միջոցառումները: Միջոցառումները, որոնք ուղեկցվում էին տոնական համերգներով, կազմակերպվել էին Համազգային Հայ կրթական եւ մշակութային միության կողմից:

Մարտի 12-ին Նյու Ջերսիում կազմակերպված տոնական երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով, ողջունելով ու շնորհավորելով անկախության հոբելյանական տարեթվին նվիրված երեկոյի մասնակիցներին, նշել է, որ այսօր Հայաստանը բռնել է վերելքի ու զարգացման ճանապարհը` չնայած իր հարեւանների կողմից շարունակվող անօրինական շրջափակմանը, Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտումներին ու ահաբեկչական սադրիչ գործողություններին, որոնք չեն կարող Հայաստանին շեղել իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իր նպատակներից:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված բազմամարդ միջոցառմանը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ընդգծեց, որ մեր ազգային միասնությունը, Հայաստանի անկախ պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությանը լավագույն երաշխիքն են հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Հանդիսավոր մասից հետո շնորհաշատ հայ երիտասարդ երաժիշտները (“Element Band”) հանդես եկան հայկական ժողովրդական երգերի իրենց ուրույն մեկնաբանությամբ` երգերին հաղորդելով ժամանակակից շունչ:

Այս խորագրի վերջին նյութերը