Աշխարհ

21.03.2020 20:09


Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը

Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակ Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուսային վարակ են ախտորոշել։ Պատգամավորն ինքն է այդ մասին գրել Facebook–ում։

«Վերջին բոլոր շաբաթները ես, ինչպես և իմ համաքաղաքացիների մի հոծ բանակ, հետևում էի անվտանգության անհրաժեշտ միջոցներին։ Այնուամենայնիվ, երկուշաբթի` մարտի 16-ին, ես հիվանդության որոշակի ախտանշաններ զգացի (հազ, հոգնածություն, բայց տենդ չկար)»,-գրել է Բուայեն։

Պատգամավորը հիվանդանոց է գնացել, որտեղ COVID-19–ի թեստ են արել և հայտնել, որ պատասխանը դրական է։ Բուայեն անմիջապես տեղեկացրել է իր շրջապատին, այդ թվում` խորհրդարանի, իր թիմի, ընտանիքի անդամներին և այլոց։ Նրա հետ շփում ունեցած ավելի քան 70 մարդ արդեն անալիզ են հանձնել, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Պատգամավորը հայտնել է, որ կբուժվի տան պայմաններում` խիստ հետևելով բժիշկների ցուցումներին։ Նման որոշում է կայացրել հիվանդանոցում տեղ չզբաղեցնելու համար, քանի որ այդ տեղը կարող է պետքական լինել ավելի ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Բուայեն բուժում կստանա պրոֆեսոր Դիդյե Ռաուլի մշակած փորձառական մեթոդով։

Գրառման վերջում պատգամավորը շնորհակալություն է հայտնել բժիշկներին։

«Ես նաև անչափ հպարտանում եմ այս օրերին մեր ժողովրդի միասնականությամբ։ Ինչպես ասել է աբբա Պիեռը, մենք պետք է ապրենք միմյանց համար և ոչ թե մեկս մյուսի դեմ։ Մի ամաչեք տարածել Մարսելի, Ֆրանսիայի բժիշկների հիասքանչ աշխատանքի մասին տեղեկությունները»,-եզրափակել է նա։

Վալերի Բուայեն ծնվել է 1962 թվականին Բուրժ քաղաքում։

1984 թվականին ավարտել է d’Aix-en-Provence քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է սոցիալական ոլորտում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2001 թվականին` Մարսելում տեղի ունեցած մունիցիպալ ընտրություններից հետո։ 2007 թվականի հունիսի 17-ին Վալերի Բուայեն Բուշ դյու Ռոն 8-րդ շրջանում 13-րդ գումարման պատգամավոր ընտրվեց։ Առողջապահության ոլորտում ժողովրդական շարժման միության քարտուղար է նշանակվել:

2011 թվականի օգոստոսին Բուայեն Արցախ էր այցելել, ինչի համար Ադրբեջանի ԱԳՆ–ն նրան ներառել էր անցանկալի մարդկանց ցանկում։

2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էր Վալերի Բուայեն։ Օրենքի ընդունումը տարաձայնություններ էր առաջացրել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը