Լրահոս

14.03.2011 17:25


ԼՂ կարգավորման հարցում «կա՛մ, կա՛մ» իրավիճա՞կ է

ԼՂ կարգավորման հարցում «կա՛մ, կա՛մ» իրավիճա՞կ է

«Հենարան» ակումբում արտաքին քաղաքականությանը, հատկապես մատի 5–ին Սոչիում կայացած նախագահների հանդիպմանն անդրադառնալով՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե այդ օրը շատ լուրջ բան է կատարվել, քանի որ առաջին անգամ կողմերը համաձայնել են, որ ընդունում են սկզբունքները։

Շատ դժվար է թեորեմ ապացուցել, եթե դու աքսիոմները չես ընդունում,–ասել է նա և ընդգծել, որ առաջին անգամ ընդունվել են իրարամերժ երկու սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, որ այդ երկու սկզբունքների կիրառումը երբեք տեղի չի ունեցել առանց ուժի թելադրման։

Նրա խոսքերով՝ եթե դա շարունակվի, ստացվում է, որ եթե վերոնշյալ 2 սկզբունքները կիրառվեն իրար հետ, նշանակում է՝ ԼՂՀ–ն մնալու է Ադրբեջանի կազմում և ունենալու է լայն ինքնավարություն։ Անգամ հանրաքվեի դեպքում, եթե ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառվի ամենաբացարձակ ձևով, դա առավելագույնը կարող է հանգեցնել կոնֆեդերատիվ պետության։ Սա, նրա խոսքերով, այն խնդիրն է, որը կանգնելու է մեր առաջ։

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀ իշխող վարչախումբն այսօր մտածում են, որ դա կկանգնի մոտ 10–15 տարի հետո, որովհետև հանրաքվեի սկզբունքը, հասկանում ենք, որ միանգամից չի լինի։ Այստեղ գալիս են գլխավոր խնդրին։ Սկզբունքներն ընդունելուց ու գործընթացը սկսելուց հետո մենք կկանգնենք մոտ 40 շատ կարևորագույն խնդիրների առաջ,–ասել է Ա.Կարապետյանը։

Այդ խնդիրներից յուրաքանչյուրը, նրա կարծիքով, կարող է հետ բերել գործընթացը և լուծում չտալ։

Նա ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում կա՛մ սկզբունքներն ընդունում ենք, ու վարվում են ինչ–որ բանակցություններ, կա՛մ չենք ընդունում, դուրս ենք գալիս բանակցություններից, ու պատերազմ է սկսվում։

Իր նշածից ավելի խոստումներ, սակայն, Ա. Կարապետյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները Ադրբեջանին չեն տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը