Աշխարհ

18.03.2020 14:31


«Աերոֆլոտը» չեղարկել է Երևանի ուղղությամբ չվերթերը

«Աերոֆլոտը» չեղարկել է Երևանի ուղղությամբ չվերթերը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտը» փոփոխություններ է կատարել մարտի 18-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ուղղությամբ նախատեսված թռիչքների չվացուցակում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունը։

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են SU1868 (մեկնում Մոսկվայից, ժ․20:40) և SU1966 (մեկնում Մոսկվայից ժ․23:20) չվերթերը, իսկ մարտի 20-28-ին` SU1869 (մեկնում Երևանից ժ․02:55) և SU1967 (մեկնում Երևանից ժ․04:55) չվերթերը:

Չեղարկվել է նաև մարտի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ։ Խոսքը վերաբերում է Մոսկվայից մեկնող SU1858 (մեկնում Մոսկվայից ժ․06:30) և SU1862 (մեկնում Մոսկվայից ժ․16:40), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնում ժ․11:20) և SU1863 (մեկնում ժ․21:35) չվերթերին։

«Չեղարկված չվերթերի տոմսերի փոխանակումը և վերադարձը կիրականացվի առանց տուգանքների»,-նշել է ավիաընկերությունը։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել, մեկ մարդ արդեն առողջացել է։ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը