Լրահոս

14.03.2011 13:57


Ի գիտություն Ադրբեջանի ԶԼՄ-ների

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են հետևյալը.

Փետրվարին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների Արցած ու Սյունիք կատարած այցի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան բարձրացրել է կատաղի վայնասուն: Անդրադառնալով այցին, ադրբեջանական և նույնիսկ թուրքական ԶԼՄ-ները նախ կասկած էին հայտնել այցի պաշտոնական լինելու շուրջ և այնուհետև, ստանալով Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան պատասխանը, որ այցի կազմակերպիչն ԵՀՄՖ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ա. Գրիգորյանն է, նրանք համարում են բավարար, որպեսզի զրոյացնեն նաև այցի արդյունքները:

Ի պատասխան ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների խումբը պաշտոնապես ընդունվել է Արցախի նախագահի, վարչապետի և նախարարների կողմից, ընդ որում հանդիպումների ընթացքում բարձր մակարդակի վրա քննարկվել են համագործակցության ծրագրեր ու ներդրումային առաջարկներ: Քննարկումներն ընթացել են արհեստավարժ և գործնական մակարդակի վրա, որը հիացրել է գործարարներին: Այցի արդյունքում գործարարների մոտ ստեղծվել է տպավորություն, որ Արցախն ունի բացարձակ ժամանակակից մտածողությամբ երիտասարդ ղեկավարություն, տնտեսությունը ազատականացված է լիովին և գործարար հարաբերությունները զերծ են կոռուպցիայի տարրերից: Եվրոպացի հյուրերի վրա շատ բարձր տպավորություն է թողել Արցախի ինֆրաստրուկտուրան և մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկեցիկ եվրոպական տեսքը: Նրանք նույնիսկ կատակով նշել են, որ «Սյունիքից Արցախ մտնելուց այնպիսի տպավորություն էր կարծես ԵՄ երկիր մտանք»:

ԵՀՄՖ-ը, պարզաբանելով ադրբեջանական և թուրքական մամուլում բարձրացված գործարարների այցի պաշտոնական լինելու հարցը, հայտնում է, որ եվրոպական գործարարներն իրավունք ունեն այցելու ցանկացած երկիր և ստանալու պաշտոնական ընդունելություն` անկախ իրենց երկրների կառավարությունների թույլտվության: Ահա սա է հայտնվել Սլովակիայի դեսպանության պաշտոնական նամակում ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի: Այս պատասխանը իրավունք չի տալիս դիմել սպեկուլյատիվ մեկնաբանությունների: Բնական է, որ կոռուպացված և բացառիկ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական գործարար աշխարհի ղեկավարության համար սա դժվար ըմբռնելի փաստ է: Սակայն բավական է, որ ադրբեջանցիները ծանոթանան իրենց հարևան երկրներում` Վրաստանում և Արցախում կատարված բիզնեսի ազատականացման արդի մակարդակի հետ` հավատալու, որ, այո, եվրոպական մոտեցումը գործարարության զարգացման նկատմամբ սա է : Կրկնում ենք դրա համար պետք չէ հասնել Եվրոպա, ուսումնասիրեք Վրաստանի և Արցախի փորձը: Այս երկրներում, ինչպես նաև ԵՄ-ում իշխանությունները կարող են միայն և միայն նպաստել գործարարի աշխատանքներին. խանգարելը կամ արգելելը իսպառ բացառվում է:

Ի գիտություն  Ադրբեջանի ԶԼՄ-ների հայտնում ենք, որ Արցախն ունի օտարերկրյա ներդրողների կողմից այնքան շատ առաջարկներ, որ Արցախի կառավարությունն ընտրում է և համագործակցում միայն լավագույնների հետ: Մեր առաջարկները նույնպես այժմ ստանում են մասնագիտական քննություն և միայն դրա արդյունքում կսկսեն իրականացվել դրական գնահատական ստացած ծրագրերը: Ինչ վերաբերվում է մեր եվրոպացի գործընկերներին, հայտնում ենք, որ նրանց ընկերությունները իրենց երկրների` Աքվստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ-ներից կամ այլ մարմիններից չեն ստացել ոչ մի զանգ և կամ գրություն Արցախում գործունեություն ծավալելուն դեմ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Հ.Գ. Վերոհիշյալ թեմայի շուրջ արձագանքները կարելի է կարդալ փետրվարի 7-ից մինչ օրերս ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում, այդ թվում` Azer news,Trend news agence, Todey.az, News.az , APA, Azer TAc, Hurriyet Daily News և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը