Լրահոս

12.03.2011 16:20


Վախճանվել է Իրանի առաջին կին աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանը

Մարտի 5-ին 90 տարեկան հասակում վախճանվեց Իրանի առաջին կին աստղագետ և ֆիզիկոս հայազգի դոկտոր Ալենուշ Տերյանը: Նա ծնվել էր 1920թ. նոյեմբերի 9-ին թեհրանահայ մտավորականների ընտանիքում: 1947թ. ավարտել է Թեհրանի համալսարանի Գիտության բաժինը և աշխատանքի անցել այդ համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ նույն տարում ընտրվել է լաբորատորիայի վարիչ: Այնուհետև, մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով մեկնել է Ֆրանսիա և 1956-ին Սորբոնի համալսարանում արժանացել Մթնոլորտային ֆիզիկա մասնագիտությամբ դոկտորի գիտական աստիճանի: Վերադառնալով Իրան, դոկտոր Տերյանը Թեհրանի համալսարանում դառնում է թերմոդինամիկայի գծով պրոֆեսորի օգնական: Գերմանական դրամաշնորհով Արեգակնային ֆիզիկայի բնագավառում 1961-ին 4 ամիս աշխատում է Արևմտյան Գերմանիայում: 1964-ին դոկտոր Տերյանն արժանանում դասախոսի կոչման և այսպիսով դառնում Իրանի առաջին կին դասախոսը` ֆիզիկայի պրոֆեսորը: 1966-ին դառնում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հանձնաժողովի անդամ, իսկ 1969-ին ընտրվում է համալսարանի Արեգակնային ֆիզիկայի հետազոտությունների խմբի ղեկավարը և սկսում է աշխատել Արեգակնային դիտարանում, որի հիմնադիրներից մեկն էլ հենց ինքն էր: Հիմնադրել է Թեհրանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտը: Տերյանը հանդիսանում է առաջին անձը, ով Իրանում աստղաֆիզիկա է դասավանդել: 1979-ից կենսաթոշակի է անցել և մինչև կյանքի վերջ ապրում էր Թեհրանում: Ալենուշ Տերյանին Իրանում կոչում էին «Իրանի արեգակնային մայր»: Վերջերս հանդիսավոր կերպով նշվեց նրա ծննդյան 90-ամյակը, որին ներկա էին Իրանի պառլամենտի անդամները և ավելի քան 100 իրանահայեր: Ալենուշ Տերյանը արժանացել է Իրանի և Հայաստանի պետական, ինչպես նաև իրանահայ ազգային մարմինների գնահատանքին: Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել և 2003թ. նրան նվիրված «Դեպի արև» վերնագրով ֆիլմ է նկարահանվել:

Այս խորագրի վերջին նյութերը