Լրահոս

12.03.2011 13:21


Ապօրինի հյուրանոց, զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս և գյուղմթերքի խանութ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը տեղեկացնում է, որ տարեսկզբից պարբերաբար ստուգայցեր և շրջագայություններ են կատարվում հանրապետության ողջ տարածքում: Կոմիտեն, այդպիսով, նպատակ ունի հայտնաբերել և կանխել առանց հաշիվ-ապրանքագրերի և ուղեկցող բեռնագրերի ապրանքների տեղափոխումն ու մատակարարումը: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու և իրականացվելու են թե' ցերեկային, թե' գիշերային ժամերին:

Զուգահեռ շարունակվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի բացահայտումները:

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս տեղեկություն էին ստացել այն մասին, թե Երևանի Արաբկիր վարչական տարածքի  Բաղրամյան փողոցում գործում է ապօրինի հյուրանոցային տնտեսություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հարկային մարմիններում չհաշվառված և ապօրինի գործող հյուրանոց. որպես դրա փաստացի սեփականատեր է ներկայացել նույն հասցեի բնակիչ Ալիռեզա Մոհամմադի Խոսրով Աբադին: Հյուրանոցի ապօրինի գործունեությունը դադարեցվել է:

Իսկ մայրաքաղաքի Շիրակի փողոցում բացահայտվել է զովացուցիչ ըմպելիքների ապօրինի արտադրություն: Առանց համապատասխան պետական գրանցման գործունեությունը ծավալել էր Երևանի բնակիչ Էռնեստ Մամիկոնյանը: Ըստ վերջինիս հայտարարության` արտադրամասը գործել է այս տարվա հունվարի կեսից: Անօրինական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Վարչության Նոր Նորքի  աշխատակիցներն էլ` իրացնելով օպերատիվ տվյալները, օրեր առաջ հայտնաբերել են գործող խանութ, որն, ինչպես պարզվել է, չի ունեցել պետական գրանցում և հաշվառված չի եղել հարկային մարմիններում: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատերը Արկադի Հովհաննիսյանն է, ով նշված խանութում զբաղվել է գյուղմթերքի վաճառքով: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, պետությանը հացված վնասի չափը ճշտվում է:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը