Աշխարհ

08.03.2020 12:43


Իլին Փափազյանը ցնցել է բուլղարական «Ձայնը» նախագծի հանդիսատեսին (տեսանյութ)

Իլին Փափազյանը ցնցել է բուլղարական «Ձայնը» նախագծի հանդիսատեսին (տեսանյութ)

Երիտասարդ Իլին Փափազյանը գերել է բուլղարական «Ձայնը» շոուի հանդիսատեսին։ Նրա կատարմանն արձագանքել են ժյուրիի 4 անդամներից 3-ը։

20 տարեկան Իլինը ոչ միայն լավ երգում է, այլև հիանալի կիթառ է նվագում։ Մի քանի տարի նա սովորել է երաժշտական ուսումնարանում։

«Մի օր տեսա` ինչպես է տարեկիցներից մեկը նվագում, ինքս ինձ ասացի` եթե նա կարող է, ուրեմն ես էլ եմ կարող»,–հիշում է Իլինը։

Իսկ հետո որոշել է նաև երգել, ու նա փորձում է զգալ այն, ինչի մասին երգում է։

Երիտասարդը գրավիչ ժպիտ ունի, հիվանդությունը բացարձակապես չի նվազեցնում նրա հմայքը։ Նա մաշկային պիգմենտի պակաս ունի, հիվանդությունը կոչվում է վիտիլիգո (երկար ընթացք ունեցող հիվանդություն, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են)։ Այդ հիվանդությամբ էր տառապում նաև Մայքլ Ջեքսոնը։ Իլինի ճակատի հատվածում և աչքերի շուրջը բաց վարդագույն է։ Սակայն բեմում նա բարդույթներ չունի, առավել ևս, որ ելույթ ունենալու փորձ արդեն կուտակել է. նա երգել է և՛ ուսումնարանում, և՛ համերգասրահներում։ Հետաքրքիր է` ինչպես է նա վերաբերվում կյանքին։

«Կան բաներ, որ փոխել չես կարող։ Պարզապես ընտրություն չունես։ Դու շարունակում ես մնալ այնպիսին, ինչպիսին կաս»,–ասում է նա։

«Ձայնը» նախագծի բեմում նա երգեց ժամանակակից փոփ երգիչ Childish Gambino–ի «Redbone» երգը։ Ընդ որում` ժյուրիի անդամներին նա զարմացրեց, երբ դեռ նոր–նոր էր սկսել նվագել։ Իսկ երգի վերջում նրա կողմ շրջվեցին ժյուրիի 4 անդամներից 3-ը։ Տղան որպես մարզիչ ընտրեց էստրադային երգչուհի Միխայելա Ֆիլևային։

«Դու հասկանում ես ամենակարևորը, որ երաժշտությունը մրցապայքար չէ։ Երբ դու ելույթ ես ունենում, ուզում ես մարդկանց ինչ–որ բան ցույց տալ։ Հիմա ես ամենաերջանիկ մարզիչն եմ»,–ասաց Միխայելան տղային։

Հետնաբեմում Իլինին սպասում էր նրա բազմանդամ և համերաշխ հայկական ընտանիքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը