Լրահոս

11.03.2011 17:03


Գյումրիում գիտահետազոտական հիմնարկները սնանկանո՞ւմ են

Մի քանի շաբաթ առաջ Գյումրու գիտնականներն ահազանգ էին հնչեցրել, թե արդեն երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում: Կառավարությունը խոստացել էր, որ գիտնականների երկու ամսվա աշխատավարձը կվճարվի մարտին: Սակայն այսօր օրինակ Գյումրու երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի աշխատակիցները ստացել են միայն հունվար ամսվա աշխատավարձը, այն դեպքում, երբ անցած տարիներին, աշխատակիցների խոսքերով,  իրենք արդեն ստացած էին լինում մարտ ամսվա աշխատավարձը:

Գիտնականներին  վերադաս կառույցից վստահեցրել են, որ  աշխատավարձերի  ուշացումները պայմանավորված են գիտական աշխատանքի կազմակերպման պրոցեսի փոփոխություններով: Այսինքն՝ Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող բոլոր հիմնարկներն այս տարվանից 100%-ով անցել են բյուջետային բազային ֆինանսավորման, փոխարենը գրեթե դադարեցվել է թեմատիկ ծրագրերի համար կազմակերպություններին տրվող ֆինանսավորումը: Գյումրու երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սևադա Հովհաննիսյանի կարծիքով՝ սա կարող է լուրջ հարված հասցնել Շիրակի մարզի գիտական ներուժին.

–Իսկ դա նշանակում է, որ այսպիսով գիտնականները միայն  իրենց ցածր աշխատավարձի հույսին կմնան, մանավանդ որ կոնկրետ Գյումրիից ներկայացված գիտական շատ թեմաների ֆինանսավորումն արդեն մերժվել է, շատերը պատրաստվում են բողոքարկել ու պարզել՝ ինչո՞ւ և  ի՞նչ պատճառով են մերժվել ծրագրերը: Չի բացառվում, որ  այդ փաստով պայմանավորված՝ մասնագետները գիտական որոշ հետազոտությունների իրականացումը դադարեցնեն,-ասել է  Գյումրու երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սևադա Հովհաննիսյանը:

Վերջինս նաև մտահոգություն ունի, թե գիտությամբ զբաղվող հիմնարկներն աշխատակիցներին պահելու խնդրի առաջ կկանգնեն և կունենան երիտասարդ կադրերի կորուստ, քանի որ երիտասարդի համար ցածր աշխատավարձը գրավիչ պայման չէ, որպեսզի գիտությամբ զբաղվի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը