Աշխարհ

06.03.2020 20:42


Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Նյու Յորքի նահանգի Սթոունի Բրուքի համալսարանի հետազոտողները հայտնել են այն տարիքը, երբ ի հայտ են գալիս ուղեղի աշխատանքի վատանելու առաջին նշանները, ինչպես նաեւ որոշել են, թե ինչպես կարելի Է դանդաղեցնել այդ գործընթացը: Այդ մասին հայտնել Է MedicalXpress պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

PNAS հանդեսում հրապարակված աշխատության մեջ նյարդակենսաբան Լիլիան Մուխիկա Պարոդին պատմել Է այն գիտափորձի մասին, որին մասնակցել Է 18-ից մինչեւ 88 տարեկան շուրջ հազար մարդ: Գիտնականներն ուղեղի ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով զննել են, թե ինչպես Է փոխվում մասնակիցների ուղեղի տարբեր մասերի միջեւ փոխգործակցությունը, թե որքանով Է այն կախված տարիքից եւ գործածվող սննդից:

Հետազոտության ընթացքում պարզվել Է, որ նեյրոնների միջեւ ֆունկցիոնալ կապը տարիքի հետ վատանում Է: Ուղեղի ծերացման առաջին նշանները կարող են ի հայտ գալ արդեն 47 տարեկանում, իսկ 60-ի մոտերքը կոգնիտիվ ունակությունների դեգրադացիայի արագությունը հասնում Է առավելակետին: Դա, ինչպես կարծում են գիտնականները, շատ բանով կապված Է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության մեծացման հետ:

«Երբ մարդը ծերանում Է, նրա ուղեղը կորցնում Է օրգանիզմ ստացվող գլյուկոզան արդյունավետ մշակելու ունակությունը: Դրա պատճառով նեյրոնները դանդաղորեն քաղցում են, իսկ ուղեղի մասերի փոխգործակցության ցանցերն ապակայունանում են»,- նշել Է Մուխիկա Պարոդին: Որպես գլյուկոզայի այլընտրանք գիտնականներն առաջարկել են կետոնները:

Համեմատության համար նրանք մասնակիցներին առաջարկել են երկու սննդակարգ. սովորական եւ ցածրածխաջրային (օրինակ՝ միս կամ ձուկ՝ սալաթի տերեւով, բայց առանց բրնձի կամ կարտոֆիլի), իսկ հետո գնահատել են նրանց ուղեղի աշխատանքի կայունությունը:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կետոնային սննդակարգը բարելավել Է ուղեղի մասերի փոխգործակցությունը եւ մեծացրել ընդհանուր կոգնիտիվ ակտիվությունը: Ըստ որում արդյունքը նկատելի Է եղել նույնիսկ գիտափորձի ավելի երիտասարդ մասնակիցների մոտ, որոնք դեռ չեն հասել 50-ամյա տարիքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը