Հարցազրույց

05.03.2020 20:37


«Այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն». Հայկ Ալումյան (տեսանյութ)

168.am «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն է:

–«Մարտի 1»-ի գործով դատական վերջին նիստի ժամանակ դուք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցիք նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որը բացառում է դատավոր Դանիբեկյանի՝ այս քրեական գործը նախագահելը: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

–Դեկտեմբերի 12-ին համացանցով տարածվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի մի հարցազրույց: Ասեմ, որ ԲԴԽ նախագահը նախ և առաջ մի դատավոր է, ով դատական համակարգում աշխատելու բազմամյա փորձ ունի, երկար ժամանակ էլ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, այսինքն՝ մի մարդ, ով հավանաբար այս պահի դրությամբ բոլորից լավ գիտի դատական համակարգը և դատավորներից յուրաքանչյուրին: Նշածս հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, որը կապված էր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, ասաց հետևյալը, որ «Իշխանությունները, իհարկե, կուզեին, որ մեր բոլոր դատավորները լինեին Արմեն Դանիելյանի (նկատի ունի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին) և Աննա Դանիբեկյանի նման»: Եթե այս հանգամանքը համադրում ենք այն բանի հետ, որ իշխանությունները բազմիցս ամենահստակ և ամենաաներկբա ձևով արտահայտել են իրենց ցանկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, մնա կալանքի տակ, և բազմիցս Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նրա շրջապատը պնդել են, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր Մարտի 1-ի դեպքերում, և եթե ԲԴԽ նախագահն էլ նման բան է հայտարարում, սա նշանակում է, որ Աննա Դանիբեկյանը հենց այն մարդն է, որ պատրաստ է իշխանությունների ուզած ձևով այս գործին ընթացք տալ: Սա նշանակում է, որ այս գործով Աննա Դանիբեկյանի անաչառությունը, անկողմնակալությունն ու ինքնուրույն գործելու հնարավորությունը ամբողջությամբ դրվում է կասկածի տակ: Դա հիմքերից մեկն էր:

–ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, որ Ձեր բերած հիմնավորումը կոնտեքստից կտրված է և առհասարակ չի արտացոլում ԲԴԽ նախագահի ամբողջական պատասխանը:

–Իրենք ասում են մի բան, որը շատ հեշտ կարելի է հերքել, բավական է կարդալ այդ հարցազրույցը և հատկապես այդ հատվածը, շատ պարզ է ամեն ինչ: Հարց է տրվում՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, և դրա պատասխանի մեջ, խոսքը հավանաբար մեզ ուղղելով, ասում է, որ այն մարդիկ կուզեին, որ բոլոր դատավորները լինեին Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման, իսկ իշխանությունները կուզեին, որ բոլոր դատավորները լինեին Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման: Ավելի պարզ հնարավոր չէ ասել: …Այդ աստիճանակարգության մեջ այդպիսի դիրք զբաղեցնող մարդու ասածը պետք է ընկալվի այնպես, ինչպես ինքն ասել է: Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ ինքը նկատի է ունեցել մի բան, ինչն այդտեղ գրված է:

–Ձեր միջնորդության ժամանակ Դուք մեջբերեցիք իշխանական մի շարք գործիչների հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի և այս գործի վերաբերյալ: Վստա՞հ եք, որ դրանք որևէ կերպ ազդեցություն են ունեցել Աննա Դանիբեկյանի անաչառության վրա:

–Մենք իշխանական թևի այդ բոլոր հայտարարությունները բերել էինք, որպեսզի ևս մեկ անգամ փաստենք, որ իշխանությունները հստակորեն համոզմունք են հայտնում այսօր, որ այս գործով մեղավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է, և նաև, որ իշխանությունները ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Հետո մենք բերել էինք ԲԴԽ նախագահի հիշյալ արտահայտությունը: Եթե այս երկուսը համադրում ենք միմյանց հետ, ապա ստացվում է, որ այն իշխանությունները, ովքեր ուզում են, որ Աննա Դանիբեկյանը լինի այս գործով դատավորը, հետևաբար՝ նա էլ ունի այն կարծրատիպերը, ինչ իշխանությունները:

–Կարո՞ղ ենք պնդել, որ իշխանություններն ուզում են Աննա Դանիբեկյանին: Համակարգի՞չը չի ընտրում որևէ գործով դատավորին:

–Թվում է, թե համակարգիչն է ընտրում, բայց մենք բազմիցս ստացել ենք տարբեր մեսիջներ, որ համակարգչի այդ ծրագրի վրա հնարավոր է ազդեցություն: Պետք է նկատի ունենալ, որ քրեական գործը Վճռաբեկ դատարան ուղարկվեց և այնտեղ պահվեց այնքան ժամանակ, մինչև Աննա Դանիբեկյանն արձակուրդից եկավ, և գործը հայտնվեց նրա մոտ:

Բացի այս հիմքերից, պատկերացրեք մի իրավիճակ, երբ այս գործով նախագահող դատավորը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը մի ուրիշ գործով դատավարական հակառակորդներ են: Խոսքը փաստաբան Արամ Վարդևանյանի մասին է, ով ներկայացնում է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի շահերը, որոնց գործով Աննա Դանիբեկյանը տուժող է:

–Նման իրավիճակները կարգավորվո՞ւմ են Քրեական դատավարության օրենսգրքով:

–Քրդատ և դատական օրենսգրքերով կարգավորված է, որ դատավորը չի կարող գործը քննել, եթե նա կանխակալ մոտեցում ունի կողմերից մեկի, նրա պաշտպանի նկատմամբ: Այստեղ արդեն ակնհայտ կանխակալ մոտեցումների հարց կարող է առաջանալ:

–Ավելի վաղ դուք այս քրեական գործը կարճելու միջնորդություն էիք ներկայացրել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մարտի 3-ի նիստի ընթացքում հետաձգեց միջնորդությունների լուծումը՝ մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը: Սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞վ եք պայմանավորում դատարանի այս որոշումը, որովհետև ըստ էության կարող էին մերժել միջնորդությունը:

–Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք: Ավելին, հենց այդ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էլ, ով գտնվում էր փախուստի մեջ, չկիրառվեց այդ հոդվածը: Հիմա մենք ասում ենք՝ այս նույն մոտեցումը կիրառեք Ռ. Քոչարյանի և մյուսների նկատմամբ: Եթե իրենք դա ընդունեն, գործը դադարեցվում է, այն, ինչը հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնի պատճառներով չի կարող անել՝ աչքի առաջ ունենալով Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Ալեքսանդր Ազարյանի օրինակը: Ես չեմ պատկերացնում՝ ինչ աստիճանի մարդը պետք է խիզախ լինի, որ այս ամեն ինչը հաշվի առնելով, այնուամենայնիվ, կիրառի օրենքը:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչո՞ւ Աննա Դանիբեկյանը չմերժեց մեր միջնորդությունը. որովհետև եթե նա ասի, որ 300.1 հոդվածը կարող է կիրառվել 2008թ. իրադարձությունների համար, դա ավտոմատ նշանակում է, որ այդ 300.1 հոդվածը պետք է առաջադրվի նաև Նիկոլ Փաշինյանին: Դրա համար ինքը միջանկյալ որոշում կայացրեց՝ ասելով, որ՝ հարցին կանդրադառնանք գործի ավարտից հետո: Իսկ գործը կավարտի մոտ 7-8 տարի հետո, 880 վկաների հարցաքննությունից հետո: Այս հարցը կոնսերվացրեցին 7-8 տարի: Այսօրվա պատվերն այդպիսին է՝ ձգել դատավարությունը և այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ:

–Ո՞ւմ կողմից է տրված պատվերը:

–Էս երկրում հիմա բոլոր պատվերները տրվում են վարչապետի կողմից կամ նրա անունից:

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը փետրվարի 29-ին տեղեկատվական կոնֆերանս էր կազմակերպել «Մարտի 1»-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով: Ձեր ելույթի ժամանակ, որի ընթացքում Դուք նկարագրեցիք Մարտի 1-ի ժամանակագրությունը, նշեցիք, որ ունեք Ձեր ասածներն ապացուցող բոլոր ապացույցները: «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի մեջ ասվում է.«Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները, կամ նույնիսկ որևէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել»: Եթե Դուք ունեք այդ ապացույցները, ինչո՞ւ Կառավարությունը չուներ դրանք:

–Իհարկե, մենք ունենք այդ ապացույցները, և ինձ համար մինչև հիմա հանելուկային է մնում՝ ինչո՞ւ Կառավարությունը չի ներկայացրել այդ ապացույցները ՄԻԵԴ:

–Ո՞վ պիտի ներկայացներ այդ ապացույցները:

–Կառավարության ներկայացուցիչը Եվրոպական դատարանում:

–Ո՞վ էր այդ ներկայացուցիչը:

–Ես չեմ ցանկանա անձնավորել:

–Միգուցե չե՞ն ունեցել այդ ապացույցները:

–Չէին կարող չունենալ: Միգուցե կարևորություն չեն տվել այդ հանգամանքին, միգուցե մտածել են, որ արդեն իսկ ներկայացվածը բավարար է, որ ՄԻԵԴ-ն անի հետևություններ: Բայց ոչ միայն մենք ունենք այդ ապացույցները, քրեական գործի նյութերի մեջ էլ կան դրանք: Ամենասկզբում հենց այդ ապացույցներն են ձեռք բերվել: Մենք ապացույցների և որակի, և քանակի հետ խնդիր չունենք: Այլ հարց է, թե ինչու դրանք մանրամասն փաստարկված չեն ներկայացվել Մուշեղ Սաղաթելյանի գործով: Երբեմն համարում են, որ արդեն իսկ ներկայացված են բավարար ապացույցներ, երբեմն՝ ինչ-որ մեկի բացթողնման պատճառով: Չէի ուզի լինել այդ անձանց դատավորը:

–Ձեր ձեռքի տակ եղած փաստերի ու ապացույցների համակցությամբ Ձեզ մոտ տպավորությունն ինչպիսի՞ն է: Այդ պահին դեռ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր կարող կանխել այն, ինչ տեղի ունեցավ:

–Ես կարծում եմ, որ այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխել է մի շատ մեծ, ծանր ու վտանգավոր ողբերգություն, որ մենք կարող էինք ունենալ ոչ թե 10 զոհ, թեև կրկնեմ, 10 զոհից յուրաքանչյուրը չպիտի լիներ, և դա յուրաքանչյուրիս և անձամբ իմ ողբերգությունն է, այլ հարյուրավոր զոհեր: Մենք կարող էինք հայտնվել մի իրավիճակում, երբ կասկածի տակ դրվեր անգամ մեր պետության գոյության հարցը, եթե այս ամենը ծրագրած անձանց հաջողվեր այս իրադարձությունների մեջ ներքաշել ԵԿՄ-ն և բանակի առանձին ստորաբաժանումներ:

–Ձեր դիրքորոշումը 2008-2018թթ. և հիմա նո՞ւյնն է «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ: Լրատվամիջոցներից մեկում հրապարակում եղավ, որ Դուք նախկինում այլ կարծիք եք ունեցել, հիմա այլ բան եք ասում: Սոցիալական ցանցում թեման նաև հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էր զարգացրել:

–Տիկին Բախշյանին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, անկախ նրանից, որ այս անգամ տարածած լուրը և դրա տակ եղած մեկնաբանություններն ինձ ցավ պատճառեցին: Այդ լուրն այնպես էր հրամցված, իբրև թե ես իմ տեսակետը փոխել եմ 2008թ. հետո: Այն հատվածը, որը մեջբերված է, որևէ մասով իմ դիրքորոշումը չի փոխվել և չի էլ կարող փոխվել: Ես ասել եմ, ասում եմ և ասելու եմ, որ Մարտի 1-ին մարդիկ են զոհվել, և նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները պիտի պարզվեն, ու բացի դա, պիտի պարզվի յուրաքանչյուրին հրահանգ տվողը ու հրահանգ տվողին հրահանգ տվողը: Նաև պիտի պարզվեն այն մարդիկ, ովքեր այդ ողջ ընթացքում ու նաև հիմա այդ հանգամանքները կոծկել են: Ուրիշ բան, որ Մարտի 1-ի հանգամանքների վերաբերյալ ես բոլորովին ուրիշ պատկերացումներ ունեի, մինչև որ այս գործի հանգամանքներն ինձ հայտնի դարձան՝ որպես պաշտպան: Որովհետև ես ինձ վրա եմ զգում այդ քարոզչության ուժը, թե ինչ աստիճանի աղավաղված ձևով են Մարտի 1-ի իրադարձությունները հրամցված եղել: Երբ ես 2018թ. սկսեցի ուսումնասիրել այս գործի հանգամանքները, ես բոլորովին ուրիշ բան էի պատկերացնում այդ քարոզչության ազդեցության տակ, բայց ես հասկացա, որ բոլորովին ուրիշ պատկեր է հասարակությանը ներկայացված եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը