Աշխարհ

05.03.2020 22:25


Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը

Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը

Թուրքիայում Ադանայի նահանգում 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը:

Ադանայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. մարտի 5-ից և կապված է Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից սիրիական բանակի դեմի իրականացվող «Գարնանային վահան» ռազմագործողության հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2020թ. մարտի 5-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սոցցանցերում և Թուրքիայի տարբեր շրջաններում թուրքական զինուժի գործողությունները դատապարտող արշավ էր սկսվել՝ «ոչ պատերազմին» խորագրով։

Այդ կապակցությամբ Ստամբուլի նահանգապետարանը մարտի 3-ից սկսած 10 օրով արգելել էր բոլոր հանրահավաքների, ստորագրահավաքների և միջոցառումների կազմակերպումը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը