Լրահոս

11.03.2011 14:29


Կառավարության որոշումը «դեֆոլթի» նախազգուշացո՞ւմ է

Կառավարության որոշումը «դեֆոլթի» նախազգուշացո՞ւմ է

Ադրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների գներին միջամտելու մասին կառավարության որոշմանը՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքն իր գաղափարներով ազատական տնտեսության քաղաքականության կողմնակից է.

Դա նշանակում է, որ պետական միջամտությունը պետք է լինի հնարավորինս փոքր, երբ մենք գործ ունենք շուկայական հարաբերությունների հետ։ Ցավոք, այս քայլն այդ առումով հակառակն է, և առաջին անգամն է, որ 3–րդ հանրապետության պատմության մեջ կառավարությունը նման քայլերի է դիմում,–ասել է նա։

Այն քայլը, որ նախատեսում է կառավարությունը, և այն շտապողականությունը, որով ընդունվել է այդ օրենքի նախագիծը ու առաջ է տարվում, Վ. Խաչատրյանին հուշում են, որ այդտեղ մի մեծ վտանգ կա, որի մասին դեռ չեն խոսում։

Բոլոր դեպքերում, այսօր գնաճի դեմն առնելու բոլոր վարչական լծակներն ունի իշխանությունը, բայց դրանցից նա չի ուզում օգտվել ու միանգամից ասում է, որ եթե 30% գների աճ տեղի ունենա, ապա ինքը կմիջամտի և այլն։ ՀՀ–ում 30% աճ տեղի կունանա միայն այն դեպքում, երբ դեֆոլթ տեղի ունենա, երբ հայտարարվի, որ ՀՀ–ն անվճարունակ է, և տեղի կունենա դրամի արժեզրկում,–ասել է Վահագն Խաչատրյան։

Նա նաև նշել է, որ ընդհանրապես փորձից ելնելով՝ երբ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը մի գործ են նախաձեռնում, դրա տակ պետք է շատ վատ բան տեսնել։ Նրա խոսքերով՝ շատ ավելի լավ կլիներ, որ Տիգրան Սարգսյանն ընդհանրապես գնաճով չզբաղվեր։

Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է հայտարարություն անի, որ ինքը սպառել է իր բոլոր հնարավորությունները այսօրվա տնտեսական ճգնաժամի դեմն առնելու և իր բոլոր խոստումները կատարելու։ Պետք է հայտարարություն անի, ինչպես նաև ինքնալուծարվի կամ հրաժարական տա,–ընդգծել է Վահագն Խաչատրյանն ու ասել, որ դա հաջորդ կառավարությանը հնարավորություն կտա, անգամ Սերժ Սարգսյանի ներկայացրած կառավարությանը, ավելի ազատ գործելու և ստեղծված իրավիճակից շատ ավելի արագ դուրս գալու համար։

Հակառակ դեպքում, նրա խոսքերով, ինչքան շարունակվի գոյատևել Տիգրան Սարգսյանի կառավարությունը, այնքան խնդիրները շատանալու են։

Նաև տեղեկություն տամ, որ վարչապետը պատրաստվում է Բրյուսել մեկնել և այնտեղ 1 մլրդ դոլարի պարտք խնդրի,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը