Տնտեսական

03.03.2020 22:48


Ծաղկաձորի փողոցները և հյուրանոցները դատարկ են. զբոսաշրջիկներն ու հյուրերը չեղարկել են ամրագրումներն ու լքել քաղաքը (տեսանյութ)

Ծաղկաձորի փողոցները և հյուրանոցները դատարկ են. զբոսաշրջիկներն ու հյուրերը չեղարկել են ամրագրումներն ու լքել քաղաքը (տեսանյութ)

Tert.am-ն այցելել է Ծաղկաձոր և հարցում անցկացրել հյուրանոցների աշխատակիցների, քաղաքի բնակիչների և սպասարկման ոլորտում աշխատող քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 քաղաքացիներին «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնելուց հետո ինչպիսի՞ն է քաղաքում տիրող իրավիճակը, արդյոք հյուրանոցներում եղե՞լ են ամրագրումների չեղարկումներ կամ զբոսաշրջիկների թվի նվազում:

«Յուպիտեր» Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի տնօրեն Մարիաննա Բեգլարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցն արդեն ամբողջովին դատարկ է: «Վերջին այցելուները երեկ գնացին, այս պահին հյուրանոցն ամբողջովին դատարկ է, ոչ մի այցելու չկա և սպասումներ էլ չկան, բոլոր ամրագրման մեթոդները լռում են»։

Քաղաքացիները ևս նկատեցին, որ Ծաղկաձորն իսկապես դատարկվել է, պատճառը վարակվելու վախն է, բայց իրենց՝ քաղաքացիների մոտ խուճապ ու վախ այդքան էլ չկա։

Ծաղկաձորի հյուրանոցների աշխատակիցները, տնօրենները մեծամասամբ տեսախցիկի առաջ խոսել չէին ցանկանում, բայց նրանցից մեկն ասաց, որ Կառավարության, Առողջապահության նախարության կողմից հավանական վարակակիրներին Ծաղկաձոր բերելու որոշումն իսկապես սխալ էր և այս որոշման բացասական ազդեցությունը դեռ երկար կտևի։

Ըստ Բեգլարյանի՝ սովորաբար գարնանային տոներին ընդառաջ հյուրանոցներում մոտ 50 տոկոս զբաղվածություն է լինում, սակայն մինչ այս պահը ոչ մի ամրագրում չունեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ ս.թ. մարտի 1-ի գիշերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե հիվանդը Հայաստանի 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից:

Մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարակակիր անձի հետ շփում ունեցած 31 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

Նրանք, ըստ վարչապետի, ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է շփումն արտաքին աշխարհի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը