Լրահոս

11.03.2011 12:33


Նույն ընտանիքի երեխաներին վերջապես միավորեցին

Նույն ընտանիքի երեխաներին վերջապես  միավորեցին

Մի քանի օր առաջ մեր կազմակերպության կողմից տարածված դիմում-ուղերձով  (http://shirakcentre.org/index.php/hy/news/790-shirak-centre-ngo.html ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին խնդրել էնք Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքի երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից տեղափոխել նույն`«Թռչունյան տուն» մանկատուն, ինչը սահմանված է երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման մասին ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1735-Ն որոշմամբ:

Դիմում-ուղերձի հրապարակումից երկու օր անց` մարտի 10-ին, առաջ քաշված խնդիրը քննարկելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրեց խորհրդակցություն: Դրան մասնակցելու հրավեր էին ստացել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ, «Թռչունյան տուն» մանկատների տնօրենները և «Շիրակ կենտրոնի» ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում նախարարը որոշում է կայացրել այդ ընտանիքի երկու դպոցահասակ երեխաներին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկից տեղափոխել «Թռչունյան տուն» մանկատուն, որտեղ գտնվում է նույն ընտանիքի փոքրը` 4-ամյա տղան: Այսօր այդ մասին կտեղեկացվի երեխաների ծնողներին, իսկ տեղափոխման ուղեգրերը պատրաստ կլինեն երկու օրից:

Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» վերոհիշյալ դիմում-ուղերձով  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին նաև խնդրել էր երեխաների ծնողներին ցուցաբերել  նյութական աջակցություն, այդ թվում  կիսախարխուլ տան նորոգման, անձնագրային բաժնում և սոցիալական ծառայությունում գրանցման, նրանց անվճար բուժզննման ենթարկվելու հարցերում: Ի տարբերություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետը մեր դիմումին չի արձագանքել: Ուզում ենք հավատալ, որ նա իր աշխատակազմի համապատասխան մասնագետների հետ դեռևս մտորում է այդ ընտանիքին աջակցություն ցուցաբերելու միջոցների հայթայթման ուղիների մասին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը