Լրահոս

12.01.2011 10:51


Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկին դատելու են փոփ արքայի չկանխամտածված սպանության համար

Երեքշաբթի նախնական լսումներից հետո Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը կկանգնի դատարանի առաջ' փոփ արքայի չկանխամտածված սպանության համար քրեական մեղադրանքով։

Այդ որոշումն ընդունել է դատավոր Մայքլ Պաստորը։ Նա նաև ժամանակավորապես կասեցրել է բժիշկ Մյուրեյի արտոնագիրը՝ ասելով, թե նրա բժշկական գործունեությունը վտանգ է ներկայացնում հիվանդների համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին, կյանքի 51-րդ տարում։ Համաձայն հետաքննության արդյունքների՝ փոփ արքայի մահը վրա է հասել ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների չարաշահումից, մասնավորապես պրոպոֆոլ անզգայացնող միջոցից։

Մյուրեյը հերքում է իր մեղքը և պնդում, որ ոչ մի կապ չունի մահացու ներարկման հետ։ Մայքլ Ջեքսոնը, ըստ նրա, ինքն է իրեն ներարկել։

Պաշտոնական մեղադրանքը Մյուրեյին կներկայացվի հունվարի 25-ին՝ արևմտյան ափի ժամով 08։30-ին։ Հիմա նա ազատ է արձակվել 75 հազ. ԱՄՆ դոլար գրավի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը