Լրահոս

10.03.2011 17:05


ԱԺ–ում քննարկվել է «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» օրինագիծը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ նվիրված «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրինագծի քննարկմանը։

Քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կասկածի տակ չդնելով օրենքի լավը լինելն ու անհրաժեշտությունը՝ այդուհանդերձ մտավախություն է հայտնել, թե ԱԺ–ի կողմից ընդունված ոչ բոլոր օրենքներն են կատարվում, և բանակում առկա տհաճ դեպքերին ու մթնոլորտին այս օրենքով  վերջ չեն դրվի։

Նրան մտահոգել է նաև նոր օրենքով պատժախցի (հաուպտվախտ) վերացումը, որը, նրա խոսքերով, փոխարինվելու է լղոզված կարգապահական վաշտով, իսկ դա դժվար թե կարողանա խիստ վերահսկողություն ապահովել։

Այս կապակցությամբ ՊՆ ներկայացուցիչը՝ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալը նշել է, որ նախարարությունը դեմ չէր նախկին կալանքի ձևը պահպանելուն, սակայն հաշվի առնելով միջազգային պարտավորությունները որոշում է կայացվել մեկուսացման տեսքով կարգապահական կալանքը փոխարինել վաշտով՝ նախատեսելով խստացված ռեժիմով ծառայություն։

Նա նաև նշել է, որ օրինագծի ընդունումը ունենալու է բացառապես դրական հետևանքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը