Աշխարհ

29.02.2020 14:15


«Տարօրինակ է, որ չեք մնացել Հայաստանում». Դել Պիերոյի և Ուրգանտի զվարճալի զրույցը (տեսանյութ)

«Տարօրինակ է, որ չեք մնացել Հայաստանում». Դել Պիերոյի և Ուրգանտի զվարճալի զրույցը (տեսանյութ)

Հանրահայտ հաղորդավարի հետ զրույցում լեգենդար Դել Պիերոն ասել է, որ Հայաստանում իրեն շատ լավ են ընդունել։

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ պատմեց իր երևանյան այցի մասին:

Դել Պիերոն, շնորհակալություն հայտնելով տաղավար եկած երկրպագուներին, ասաց, որ միշտ հետաքրքիր է հայտնվել մի երկրում, որը տարբերվում է քոնինից։

Ուրգանտը ֆուտբոլիստին հարցրեց` իսկապե՞ս դժվարություններ են առաջացել կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով, քանի որ նրա ուղևորությունը մի ամբողջ դետեկտիվի է վերածվել։

Ֆուտբոլիստն էլ պատմեց, որ իրեն Ռուսաստանի վիզա է պետք եղել, որը պետք է ստանար Միլանում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը, բայց քանի որ Միլանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել, որոշվել է մուտքի արտոնագիրը ստանալ Երևանում։

«Եվ ես հիանալի ճանապարհորդություն կատարեցի այդ վիզան ստանալու համար: Մեկնեցի Հայաստան», - ասաց Դել Պիերոն։

Տաղավարում հիացական բացականչություններ ու ծափահարություններ հնչեցին։

Դել Պիերոն շեշտեց, որ Հայաստանում իրեն շատ լավ են ընդունել, բոլորը շատ սիրալիր են եղել ։

«Այո, նրանք կարողանում են։ Տարօրինակ է, որ դուք ընդհանրապես եկել եք մեզ մոտ, կարող էիք մնալ Հայաստանում»,– կատակեց Ուրգանտը։

Դել Պիերոյի և Ուրգանտի զրույցի ընթացքում հանդիսատեսին զվարճացրեց ևս մի «հայկական» ռեպլիկ։ Հաղորդավարը նրան լուսանկար ցույց տվեց ՝ հումորային հարցեր տալով, իսկ ֆուտբոլիստն այդ ընթացքում իր համաձայնությունը հայտնեց` «ըհը» ասելով։

«Ինձ թվում է` այդ արտահայտությունը դուք Երևանից եք բերել», - կրկին կատակեց Ուրգանտը։

Հիշեցնենք` Ալեսանդրո Դել Պիերոն օրերս Հայաստան էր եկել։ Նրա` Երևան գալու լուրը տարածվել էր, երբ ֆուտբոլիստը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել. «Բարի լույս, Երևան»:

Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը նրա այցից հետո Sputnik Արմենիային հայտնել էր, որ Դել Պիերոն շատ է գնահատել Արարատ լեռը։

Նշենք, որ Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին: Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում», 11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։

Այս խորագրի վերջին նյութերը