Լրահոս

10.03.2011 14:36


ՀՀ բնապահպանության նախարարությունը կեղծել է բնակիչների ստորագրությունները

ՀՀ բնապահպանության նախարարությունը կեղծել է բնակիչների ստորագրությունները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը հայտարարել է, թե իրենք պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կեղծել է Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգում շինարարություն անելու վերաբերյալ հանրային լսումներ անցկացնելու փաստը։

Մենք բնապահպանության նախարարության «Փորձաքննության» բաժնից  համառ ջանքերի շնորհիվ ստանում ենք մի 55 էջանոց փաստաթուղթ, որտեղ կան ստորագրություններ ամբողջ Երևանի տարածքից։ Պարզվում է, որ այն լի է կեղծիքներով։ Ոչ ոք տեղյակ չի եղել, թե երբ է եղել այդ լսումը։ Փաստաթղթում նշված է, որ դեկտեմբերի 8–ին անհայտ հասցեում իբր տեղի է ունեցել այդ լսումները, և որ բնակիչները չեն առարկում Գայի պողոտա–19 հասցեում բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների սկսելուն, որի համար և ստորագրում են, սակայն ոչ ոք այդ լսումներին չի մասնակցել,–ասել է նա։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանն էլ նշել է, թե այդ արձանագրության մեջ նշված է մոտ 1060 բնակչի ստորագրություն, որն արդեն իսկ վկայում է կեղծիքի մասին, քանի որ հնարավոր չէ՝ մեկ օրվա ընթացքում, այն էլ՝ Երևանի տարբեր ծայրամասերից, այդքան մարդ լսումներին մասնակցություն ունենա։

Մենք պատահական ընտրությամբ այցելել ենք այդ նշված անձանց բնակարաններն ու ցույց տվել նրանց ստորագրությունները։ Նրանք մեզ հավաստիացրել են, որ նրանց ստորագրությունները կեղծված են, և նրանք երբեք չեն մասնակցել հանրային լսումներին, և երբևէ որևէ հանրային լսումների ժամանակ կազմված արձանագրության տակ չեն ստորագրել։ Նրանք դա գրել են և ստորագրել են իրենց խոսքերի տակ,–հավելել է նա։

«Վիշապների կոթողներ» այգու հարակից շենքի բանկիչները ևս ասուլիսի ժամանակ հավաստիացրել են, որ իրենք դեկտեմբերի 8–ին կազմակերպված ոչ մի հանրային լսման մասին տեղյակ չեն։

–Մինչև նոր տարի՝ դեկտեմբերի 18–ին, իսկապես կազմակերպվել էին հանրային լսումներ։ Բնակիչներով բոլորս հոծ բազմությամբ հավաքվել էինք այգում և սպասում էինք տեղական ինքնակառավարաման մարմիններին, բնապահպանության  նախարարության և  քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր պետք է գային, բայց միայն բնապահպանության աշխատակիցները եկան, մնացածը չեկան։ Մենք կազմեցինք արձանագրություն, բոլորը ստորագրեցին, որ ներկա են եղել, ու որ տեղական ինքնակառավարաման և քաղաքապետարանի աշխատակիցները չեն եկել լսումներին մասնակցելու։ Դրանից հետո մենք մտածեցինք, որ շինարարություն իրականացնելու մտադրությունից հրաժարվել են, ու հարցը  փակվել է, հատակապես որ բնապհպանության նախարարն անձամբ այգում ծառատունկ անելու համար կարմիր գրքում գրանցված սոճիների տնկիներ տրամադրեց։ Բայց հիմա լսում ենք, որ իբր դեկտեմբերի 8–ին անցակցվել են հասարակական լսումներ։ Հարց եմ տալիս՝ եթե մենք՝ շրջակա շենքերի բնակիչներս, ոչնչից տեղյակ չենք, ի՞նչ լսումների մասին է  խոսքը,–ասել  է բնակիչ Աշոտ Հայրապետյանը։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանն էլ նշել է, թե նույնիսկ այն ստորագրությունները, որոնք Բնապահպանության նախարարության տրամադրած փաստաթղթում կեղծված չեն, դրվել են  ոչ թե դեկտեմբերի 8–ին, այլ տարբեր օրերի, տարբեր վայրերում, և ստորագրել են նույնիսկ անչափահասները, ինչը նույնպես քրեորեն պատժելի արարք է։

–Ո՞նց կարող է 15 տարեկան երեխային նման փաստաթղթի տակ ստորագրել տալ։ Ու նրանք մեզ ասում են, որ իրենց ծանոթներն են խնդրել ստորագրել։ Այսինքն թաղային հեղինակությունների մակարդակով է այս ամեն ինչը արվել։ Երբ մենք այցելում էինք բնակարաններ, մեզ շատերն էին ասում, որ այն ընթացքում, երբ այստեղ կեղծվել են իրենց ստորագրությունները, իրենք անգամ ներկա չեն եղել՝ արտերկրում են եղել։ Կամ մի տղա էլ պատմում էր, որ այդ ժամանակ բանակում է եղել և պարզապես չէր կարող ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Մի խոսքով՝ բազմաթիվ կեղծիքներ, որոնք ակնհայտ են,–ընդգծել է նա։

Ասուլիսին ներկա «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն էլ նշել է, որ դատախազությունն այս փաստերի առթիվ պետք է քրեական գործ հարուցի։

Մենք համարում ենք, որ տեղի է ունեցել Քրեական օրենսգրքի խախտում՝ հոդված 314–ի առաջին կետով։ Եվ քանի որ խախտվել է ոչ թե մասնավոր, այլ հանրային շահը, որովհետև խնդիրը վերաբերում է հանրային տարածքին, մենք գլխավոր դատախազությանը խնդրում ենք սա համարել հաղորդում կատարված հանցագործության մասին և սկսել համապատասխան միջոցառում՝ խախտումը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության  ենթարկելու համար,–ասել է նա։

Հիշեցնենք, որ Նոր Նորքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգու 1800 քմ մակերեսով հողամասի համար սեփականաշնորհման և շինարարության ակնհայտ ապօրինի փաստաթղթեր են տրվել, ինչի հետևանքով բանակիչները ստիպված էին սեփական ուժերով տեր կանգնել այգուն, աղմուկ բարձրացնել և ծառատունկ կազմակերպել, որովեհտև փլվելու վտանգի տակ էին հայտնվել 4000–ամյա վիշապաքարեր։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում  է, որ այս ամենից անտեղյակ լինելու և լուռ համաձայնության հետևանքով ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող էր մոտ ապագայում կայացած համարել լսումները և բնակիչների կամքին հակառակ՝ դրական եզրակացություն տալ հանրային այգում բարձրահարկ շեքնի շինարարությանը, և որ իրենք շարունակելու են ուշադիր հետևել նման երևույթներին ու փաստի առթիվ ունեցած նյութերը փոխանցելու են իրավապահ մարմիններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը