Աշխարհ

28.02.2020 11:20


ԱՄՆ-ն սիրիական Իդլիբի հարցում իր աջակցությունն է հայտնել Թուրքիային. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն սիրիական Իդլիբի հարցում իր աջակցությունն է հայտնել Թուրքիային. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն անհանգստացած է սիրիական Իդլիբում թուրք զինծառայողներին ուղղված հարվածներից և աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցին` կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումները: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ է արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:

«Մենք քննարկում ենք այս ճգնաժամում Թուրքիային աջակցելու լավագույն տարբերակները»,-ավելացրել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել:

«Նա կոչ է անում թոթափել իրավիճակն այս վտանգավոր իրավիճակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել այս հումանիտար ճգնաժամի վատթարացումից»,-ասել է դաշինքի ղեկավարի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը գիշերը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունեն:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:

Այս խորագրի վերջին նյութերը