Լրահոս

09.03.2011 16:58


«Ժառանգությունը» հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին

«Ժառանգությունը» հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաև Դավիթ  Սանասարյանը, Արամ Ենոքյանը և Սեդա Մելիքյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։ Հաղորդման մեջ մասնավորապես ասված է.

«03.03.2011 թվականին, ժամը 11.00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության հարակից տարածքում, Հանրապետության հրապարակի կենտրոնում` գորգի վրա, և նախկինում տեղադրված Լենինի արձանի հարակից տարածքում ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, հարձակվել են և բիրտ ուժ են կիրառել բացօթյա առևտրի իրավունքից զրկված քաղաքացիների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև` կուսակցության վարչության անդամների և բողոքին միացած այլ քաղաքացիների հանդեպ, ովքեր ցանկանում էին ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում անցկացնել բողոքի գործողություն՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Ոստիկանների կողմից իրականացված անօրինականությունների և բռնարարքների հետևանքով ծրագրված բողոքի գործողությունը հնարավոր չի եղել իրականացնել»:

Իսկ այդ դեպքի կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած երկու պաշտոնական հաղորդագրությունները նրանք համարում են ստահոդ.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կողմից վերը նշված ապօրինի գործողությունների իրականացումը գնահատում ենք ոչ այլ ինչ, քան ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից 2010թ. ապրիլի 14-ին հնչեցված սպառնալիքի և հակասահամանադրական, հակաօրինական հրահանգի իրականացում, որը վերաբերում է ընդդիմության կողմից բողոքի ակցիաները բիրտ եղանակներով ճնշելուն: Մեջբերում ենք. «Հայաստանում դա հնարավոր չէ: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որեւէ մեկի մտքով դա անցնի: Լավ կլինի քաղաքակակիրթ ճանապարհով, քաղաքական ճանապարհով իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը` խորհուրդ չեմ տալիս: Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե կփորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել» (http://www.azatutyun.am/articleprintview/2012394.html

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց հիման վրա պահանջում ենք կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություն` հարուցել քրեական գործ ապօրինի գործողություններ իրականացրած բոլոր ոստիկանների նկատմամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը