Աշխարհ

20.02.2020 10:20


Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել (տեսանյութ)

Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել (տեսանյութ)

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով ազատազրկման մեջ էր շուրջ 7 տարի, այսօր ազատ է արձակվել։

Քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորել են իր աջակիցները և ընդդիմության այլ առաջնորդներ։

«Ես գոհ եմ, որ չգնացի ինքնս ինձ հետ փոխզիջման․․․ Ես պահպանեցի ուժս, էներգիան, հույսը, հավատը՝ պայքարի շարունակությանը՝ հեռացնելու Վրաստանից այս ռեժիմը։ Երաշխավորում եմ, որ մեկ տարվա ընթացքում այս ռեժիմը կավարտվի։ Դա անհրաժեշտ է, որպեսզի երկրում զարգացում սկսվի, երկիրն առաջ ընթանա, վերանա անհուսությունը,-ասել է Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո,-Ինչ վերաբերում է իմ աշխատանքին կոնկրետ որևէ կուսակցությունում, ապա դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Նախկին կուսակցությունից իմ ընկերները, ցավոք, պառակտվել են և ներկայացնում են երկու կուսակցություն։ Ես բոլորին էլ կհանդիպեմ։ Իմ քաղաքական ծրագրերի մասին կտեղեկացնեմ քիչ ավելի ուշ»։

Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականին։ Նրան 6 տարբեր գործերով մեղադրանքներ էին առաջադրվել։

Նա դատապարտվել էր գինու գործարանի ապօրինի առգրավման, Վրաստանում 2011 թ․ մայիսի 26-ի ակցիայի ցրման, 2012 թ․ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից 2005թ․ խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Գիրգվլիանիի աղմկահարույց սպանության համար։ 2007թ․ նոյեմբերին ակցիայի ցրման և «Իմեդի» հեռուստաալիքի վրա հարձակման գործն էլ դեռ գտնվում է դատարանում։

Այս խորագրի վերջին նյութերը