Լրահոս

05.03.2011 14:18


Փորձագետ. «Եթե բանակցությունների պատճառով նպատակաուղղված զինվոր են սպանում…»

Փորձագետ. «Եթե բանակցությունների պատճառով նպատակաուղղված զինվոր են սպանում…»

Մեկնաբանելով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին՝ մարտի 4-ին, Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը, ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը «7օր»–ին ասել է, թե բանակցային գործընթացի վերաբերյալ իր պահանջների օգտին Ադրբեջանը որևէ հիմնավրում չունի։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե շարունակում է բանակցություններին մասնակցել բացառապես իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով, ապա նա պարտավոր է իր գործողություններով «հիմնավորել» այդ պահանջները։ Պատերազմով սպառնալը նրա միակ հիմնավորումն է,–ասել է փորձագետը։

Նա նշել է, թե այդ հարցում մեծ է նաև միջազգային հանրության մեղքը, քանի որ ոչ ոք չի ժխտում ուժային ճանապարհով ԼՂՀ–ն հպատակեցնելու Ադրբեջանի իրավունքը։ Անգամ հակառակը, ըստ Մ. Սարգսյանի՝ շատերը, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ–ը, բացահայտորեն աջակցում են Ադրբեջանի «հիմնավորումը»։

Այնպես որ, որևէ զարմանալի բան չկա։ Զարմանալի է միայն Հայաստանի պահվածքը, որ անձայն բանակցություններ է վարում Ադրբեջանի նման պահանջների պայմաններում,–ասել է նա և հավելել, որ Հայաստանը ոչ մի անգամ իր պահանջը չի դրել՝ բանակցությունները կարող են շարունակվել այն ժամանակ, երբ Ադրբեջանը կհամաձայնի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը չհարձակվելու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկություն է արել, սակայն անձայն գնում է բանակցությունների՝ հենց ինքն էլ արժեզրկելով սեփական առաջարկը։ «Այս պարագայում որքանո՞վ է ճիշտ շարունակել բանակցությունները» հարցին ի պատասխան՝ Մանվել Սարգսյանն ասել է. –Եթե բանակցությունների պատճառով նպատակաուղղված զինվոր են սպանում, ապա առաջին հերթին պետք է մտածել դրա մասին։ Համենայնդեպս, պետք է փոխել վերաբերմունքը  նման սխեմայով բանակցութունների նկատմամբ, որպեսզի Ադրբեջանի սադրանքները «չաշխատեն» նրա դիվանագիտական դիրքորոշման օգտին։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը