Լրահոս

04.03.2011 16:53


Փոխվել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակը

2010թ. տվյաներով՝ Բրազիլիայի ՀՆԱ–ն նախորդ տարվա համեմատ աճել է 7,5%–ով և բացարձակ թվերով հասել է 3,675 տրլն ռեալ (2,23 տրլն դոլար)։ Այս մասին ասվում է երկրի վիճակագրական գերատեսչության մամլո պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցում է «ՄերկոՊրես»–ը, Բրազիլիայի ֆինանսների նախարար Գվիդո Մոնտեգայի խոսքերով՝ եթե հաշվի առնվեն գնողունակությունն ու գները, Բրազիլիայի ՀՆԱ–ն կազմում է 3,6 տրլն դոլար, ինչը երկրի տնտեսությանը հնարավորություն է տալիս դուրս գալ աշխարհում հինգերորդ տեղը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե Ֆրանսիայի ՀՆԱ–ի աճը կազմել է 1,6%, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ 1,4%։

«ՄերկոՊրես»–ը նաև նշում է, որ Բրազիլիայի ՀՆԱ–ի աճի թափը վերջին 24 տարում առավելագույնի է հասել։

Նշենք, որ ՀՆԱ–ի ծավալներով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ–ը (մոտ 14,6 տրլն դոլար)։ Երկրորդ տեղը 2010թ. զբաղեցրել է Չինաստանը (5,879 տրլն դոլար)՝ առաջ անցնելով Ճապոնիայից (5,474 տրլն դոլար)։  Չորրորդ տեղում Գերմանիան է։

Այս խորագրի վերջին նյութերը