Հարցազրույց

04.03.2011 16:57


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

–Երեկ «Ժառանգության» ձեր գործընկերների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումն ինչպե՞ս եք գնահատում։

–Նախ ասեմ, որ մեզ համար վրդովեցուցիչ է յուրաքանչյուր անպատշաճ վերաբերմունք պատգամավորների նկատմամբ՝ անկախ նրանից՝ անձեռնմխելիությունից օգտվո՞ւմ են, թե՞ չեն օգտվում։ Սա՝ ընդհանուր առմամբ, մասնավորապես՝ հիմնականում նաև քաղաքացիների նկատմամբ։ Կարծում եմ, որ ծառայողական քննությունն ինչ–որ բաներ կպարզի, և կլինեն ավելի դիպուկ գնահատականներ այդ առումով։ Բայց միևնույն ժամանակ պետք է ընդհանրապես բոլոր պատգամավորենրին հորդորել, որ հնարավորինս իրենց ներկայությամբ ապահովեն ժողովրդի ավելի պատշաճ վերաբերմունքն իրենց խնդիրների առաջադրման առումով։ Առավել ևս, իհարկե, պատգամավորների խնդիրն է՝ իրենք ի՞նչ մասնակցություն կունենան նման իրողություններում, բայց շատ ավելի դրական գնահատելի կլինի, ինչպես մենք ենք անում, առանց որևէ ընդվզումների փորձ անել դիմել համապատասխան մարմիններին։ Առավել ևս, պատգամավորն իր լիազորությունների շրջանակում կարող է մասնակցել նաև կառավարության նիստերին։ Շատ լավ կլիներ, որ իմ գործընկերներն այդ պահանջները, որ հավաքվածներն արտահայտում էին, տեղափոխեին կառավարության նիստ կամ ներկայացնեին վարչապետին։ Սա ավելի պատշաճ է։ Չեմ ընդունում հետևյալը՝ որ կարելի է ձայնակցել ժողովրդի ընդվզումներին՝ դրանք ավելի գրգռելու իմաստով։ Ինչքան պատշաճ մոտեցումներ ունենանք, այնքան դրական կլինի։ Խոսքը վերաբերել է փողոցային առևտրին։ Մենք ինքներս մեր տեսակետն ունենք, և ամնեօրյա մեր հսկողության տակ է, և կարծում եմ՝ հնարավորինս ոչ միայն առաջարկություններ ենք անում, այլ փորձում ենք նաև մեր առաջարկություններով լուծումներ տալ այդ խնդրին։ Այս բոլորը կարելի է անել հանգիստ պայմաններում։ Մենք պետք է զերծ մնանք որևիցե բախումներից, որևիցե իրավիճակներից, որոնք լարվածություն կառաջացնեն։ Սա մեր հասարակության հոգեբանության վրա շատ բացասաբար է ազդում։

–Կարծում եք՝ «Ժառանգության» պատգամավորները գրգռե՞լ են ցուցարարներին։

–Ես չեմ կարող ասել, որովհետև ծառայողական քննություն է։ Չեմ էլ մտածում, որ գրգռել են։ Պարզապես պատգամավորն իր դիրքը, լիազորություններն օգտագործելով՝ նման պարագայում կարող է միջնորդ հանդիսանալ, որպեսզի նման բախումներ տեղի չունենան։

–Երեկ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, նույնն է թե իշխանությունները, ցուցադրում էին գրեթե նույն կադրերը, որտեղ «Ժառանգության» պատգամավորները հասարակությանը ներկայացվում էին որպես սովորական խուլիգաններ։ Բայց կան նաև ուրիշ կադրեր, որոնք չցուցադրվեցին հեռուստատեսությամբ։ Այդ կադրերում լրիվ այլ պատկեր էր, որտեղ ոստիկաններն իրենք էին հրում, իրենք էին վիրավորում պատգամավորներին՝ այդպիսով իրե՛նք խախտելով իրավունքները։

–«Երևան» հեռուստաընկերությունը բավական երկար ցույց տվեց, և կարծում եմ՝ բոլոր հանգամանքները։ Դա հեռուստաընկերությունների գործն է, իսկ այն, որ բախում է եղել, որ հրմշտոց է եղել, որ անպատիվ խոսքեր են եղել... Իմիջայլոց, նաև պետք է լիազորված մարմնին, կոնկրետ դեպքում՝ ոստիկանությանը խորհուրդ տամ՝ ընդվզման պահերին, երբ ժողովուրդը անպատշաճ է իրեն պահում, անձնական վիրավորանք չընդունեն դա, այլ փորձեն մեղմել իրավիճակը։ Այսինքն, այստեղ էլ խոր պրոֆեսիոնալիզմի խնդիր կա։ Կադրերից ինձ համար պարզ դարձավ, որ, իհարկե, ժողովուրդն անպատիվ խոսքեր ասել է, բայց ոստիկանը պիտի այդ պահին ավելի զուսպ լինի և չմտածի, որ մարդը հենց իրեն է այդ խոսքն ասում։ Մարդնի իր վիճակից ընդհանրապես անպատվում է, զայրանում է, և մենք պետք է կարողանանք նաև մեր բարեփոխումների ծրագրերում նման հանգամամնքների համար ավելի պատրաստ, ավելի պրոֆեսիոնալ կադրեր ունենանք ոստիկանությունում, որպեսզի նման բախումները կանխվեն ո՛չ միայն օրենքի շրջանակներում, այլև զուտ մարդկային տեսակետից։

–Ոստիկանությունն իր կայքում հաղորդագրություն էր տեղադրել, որում ասվում էր՝ «Ժառանգության» պատգամավորներն իրե՛նք են սադրել, իրե՛նք են հրահրել։ Սա ոչ միայն ոստիկանության, այլ նաև, կարծում եմ, իշխանության կարծիքն է։

Ես չեմ կարող այդտեղ գնահատականներ տալ, որովհետև խնդիրը նա չէ, որ զգացմունքներին տրվեմ և հետաքննության պրոցեսներ անցկացնեմ։ Բնականաբար, եթե բախում է եղել, չեմ կարծում, որ երկուստեք մեղավորներ չլինեն։ Հենց ծառայողական քննությունը դրա համար էլ դրված է։

–Չե՞ք կարծում, որ սխալ կառավարումը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ, և կառավարությունն այսպիսի գործելաոճով, թեկուզ նման լոկալ հարցերում իրեն այսպես դրսևորելով՝ հասարակության շրջանում է՛լ ավելի է լարվածություն առաջացնում, ավելացնում իր դեմ տրամադրվածությունը, ինչը շատ ավելի լայնամաշտաբ գործողությունների կարող է հանգեցնել։

–Միջադեպային իրավիճակներում չեմ կարծում, որ անհրաժեշտ է ընդհանրապես կառավարության գործունեությունը քննարկել։ Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք ավելի հստակ, ավելի տրամադրված լինել։ Իշխանությունները հենց այդպիսին են և պետք է այդպես էլ գործեն։

–Բայց այս փոքր դեպքերը համախմբվում են և մի ամբողջ համապատկեր դառնում։

–Ես դեմ չեմ ձեր ասած արտահայտությանը։ Համենայնդեպս, իրականությունն այնպիսին է, որ առաջիկայում ընտրություններ են, և պիտի հորդորեմ ընդհնարապես և՛ իշխանություններին, և՛ քաղաքական ուժերին՝ ժողովրդին չօգտագործել իրենց հետագա նկրտումներն իրականացնելու համար։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Ժողովուրդը բողոքելու իրավունք ունի, իշխանություններն էլ պարտավոր են այդ բողոքներին արձագանքել։ Ժողովուրդ փախցնելու այս միտումն արդեն կամաց–կամաց, ինչքան ընտրություններին մոտենում ենք, այնքան էական է դառնալու։ Եվ հենց այստեղ է, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան ավելի զուսպ վերաբերմունք ունենալ։ Ինչ–որ մի քանի ձայնի համար չի կարելի հաղթողի կամ անձնազոհի դերում հանդես գալ։ Հարկավոր է քաղաքակա՛ն գործունեությամբ զբաղվել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը