Աշխարհ

14.02.2020 22:45


Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման

Գերմանական թերթի թղթակիցը Թուրքիայում կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման

Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի դեմ ընթացող դատավարության շրջանակներում դատախազը վերջինիս համար 4-ից 15 տարվա ազատազրկում է պահանջել։ Յուջելը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» և «հանրության շրջանում թշնամանք և ատելություն» տարածելու մեջ։

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատական նիստին մասնակցել է Դենիզ Յուջելի փաստաբանը։ Մեղադրող կողմի՝ ազատազրկման պահանջով միջնորդության համաձայն՝ Յուջելը 2016թ․ հունիսի 19-ի իր հրապարակման մեջ պաշտպանել և աջակցել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) գաղափարախոսությանը։

Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի մեղադրյալի պաշտպանը հնարավորություն ունենա պատասխան նախապատրաստել մեղադրողի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Դենիզ Յուջելը ձերբակալվել էր 2017թ․ փետրվարին: Շուրջ մեկ տարի կալանքի տակ մնացած լրագրողի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ մեղադրյալի համար 4-18 տարվա ազատազրկում էր պահանջվել։ Յուջելը 2018թ․ փետրվարի 16-ին նախնական կալանքից ազատվել էր մինչև դատական վճռի կայացումը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը