Աշխարհ

12.02.2020 20:49


Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական Atak հարվածային ուղղաթիռներով

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական Atak հարվածային ուղղաթիռներով

2019թ․ սեպտեմբերին TURAZ-2019 թուրք֊ադրբեջանական ռազմաօդային ուժերի վարժանքների ընթացքում թուրքական արտադրության T129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռները փորձարկվել են Ադրբեջանի տարածքում։ Դրանից հետո Ադրբեջանի ՌՕՈւ պաշտոնյաները լուրջ հետաքրքրվում են «Աթաք» ուղղաթիռներով։

Այս մասին ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» լրատվակայքի հետ զրույցում ասել է ուղղաթիռներն արտադրող «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության նախագահ Թեմել Քոթիլը։ Նա նշել է, որ ռազմական պատվիրակությանը ներկայացվել են նաև «Աթաք» ուղղաթիռների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։

Քոթիլը նաև նշել է, որ այժմ կողմերի միջև քննարկումներ են Ադրբեջանում «Անքա֊Ս» ԱԹՍ-ների փորձնական թռիչքների համար, իսկ մինչ այդ առաջիկա օրերին նախատեսվում է Ադրբեջան ուղարկել «Շիմշեք» (Şimşek) բարձր արագության թիրախ ԱԹՍ-ները, որտեղ կանցկացվեն դրանց փորձնական թռիչքները՝ կրակով և առանց կրակի, ինչպես նաև կփորձարկվի զնիթահրթիռային համալիրների դեմ կիրառությունը։

Նշենք, որ Ադրբեջանի սպառազինությունում այժմ կա թուրքական արտադրության Turna-G թիրախ ԱԹՍ-ն։

Ըստ Քոթիլի՝ «Շիմշեք»֊ի փորձարկումներից հետո կողմերը մտածում են ադրբեջանական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ համագործակցության մասին։

Հիշեցնենք, որ «Աթաք» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Թուրքիայի զինված ուժերին առաջին «Աթաք» ուղղաթիռը մատակարարվել էր 2015թ․։

T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը