Աշխարհ

11.02.2020 18:45


Թուրքիայի նախագահ. «Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»

Թուրքիայի նախագահ. «Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»

Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության՝ իրենք թույլ չեն տա, որ իրականություն դառնա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ու «Դարի գործարք» անունը ստացած ծրագիրը:

Այդ մասին Էրդողանն ասել է Կուալա Լումպուրում տարբեր երկրների խորհրդարանականների մասնակցությամբ անցկավող համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի նամակում: Կոնֆերանսը կրում է «Իսրայելի զավթողականությունը կանգնեցնելուն ուղղված ակտիվ ռազմավարություն» անվանումը:

Էրդողանը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա կյանքի կոչել նոր հայտարարված «Մերձավոր Արևելքի խաղաղության պլանը»:

«Պաղեստինի տարիներ շարունակ բռնազավթվել ու ավերվել է: Իսրայելն ապօրինի ու անիրավ ճանապարհով հասել է այսօրվա սահմաններին: Հնարավոր չէ, որ Թուրքիան լուռ մնա Երուսաղեմի անեքսիայի կապակցությամբ ու միայնակ թողնի պաղեստինցի եղբայրներին այս պայքարում: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նամակի վերջում նշել է, որ իսլամական երկրների պարտքն է պաշտպանել Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսայի մզկիթը, տեր կանգնել Երուսաղեմին ու պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը