Աշխարհ

10.02.2020 11:42


Ադրբեջանի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններում տարած հաղթանակի մասին

Ադրբեջանի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններում տարած հաղթանակի մասին

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության թեկնածուները ստանում են 125 մանդատից 65-ը։

Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահ, գլխավոր քարտուղար Ալի Ախմեդովն արդեն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Նա արդեն այդ կապակցությամբ շնորհավորել է ինչպես կուսակցության անդամներին, այնպես էլ հաղթած թեկնածուներին։

Նշենք, որ երեկ` փետրվարի 9–ին, Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. դրանց մասնակցել է ընտրողների 47,81%–ը։

Մինչ ընտրությունների ավարտը Ախմեդովն արդեն Facebook–ի իր էջում գրել էր, որ Էքզիթ փոլի արդյունքները ցույց են տվել, որ իրենց կուսակցությունը հաղթել է ընտրություններում։

«Կարող եմ շնորհավորել մեր կուսակցության անդամներին «Նոր Ադրբեջանի» հաղթանակի կապակցությամբ։ Շնորհավորում եմ հաղթած թեկնածուներին։ Շնորհակալ ենք մեր կուսակցությանը, թեկնածուներին ու մեր բոլոր ընտրողներին»,-գրել է նա։

Ադրբեջանի ԿԸՀ–ն մշակել է 118 ընտրական տեղամասերի (ընդհանուր 125 տեղամաս է) 4823 ընտրատարածքների 87% արձանագրությունները։

Ադրբեջանի ԿԸՀ–ի նախագահ Մազահիր Պանախովը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ԿԸՀ–ն լրջորեն կուսումնասիրի քվեարկության ընթացքի վերաբերյալ տեղեկություններն ու տեսանյութերը, որոնք շրջանառվում են սոցցանցերում։

«Եթե որևէ մեկը որևէ փաստ ունի, պետք է անհապաղ ներկայացնի ԿԸՀ։ Խոստանում եմ, որ մեր պատասխան քայլերը շատ լուրջ են լինելու։ Ոչ ոք իրավունք չունի սևացնել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները»,–նշել է Պախանովը։

Ընտրություններին մասնակցել է 1314 թեկնածու 20 կուսակցությունից։ Կային նաև ինքնաառաջադրված մասնակիցներ ու քաղաքացիների նախաձեռնությունների կողմից առաջադրված թեկնածուներ։ Ընդդիմադիրները հայտնում են գրանցված բազմաթիվ խախտումների մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը