Աշխարհ

08.02.2020 18:14


Ադրբեջանում լռության օր է. ընտրություններում պատգամավորի 1 մանդատի համար կպայքարի 11 թեկնածու

Ադրբեջանում լռության օր է. ընտրություններում պատգամավորի 1 մանդատի համար կպայքարի 11 թեկնածու

Ադրբեջանի Հանրապետությունում լռության օր է, փետրվարի 9-ին այնտեղ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարելու է 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարելու է մոտ 11 հոգի:

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, ինչից հետո, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Ադրբեջանում կադրային հեղափոխությունը մեկնարկել է 2018թ. գարնանը, երբ երկրի վարչապետի պաշտոնը լքեց 83-ամյա Արթուր Ռասիզադեն, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինեց 71-ամյա Նովրուզ Մամեդովը, ով, սակայն, երկար չպաշտոնավարեց, և 2019թ. հոկտեմբերի 8-ին նրա պաշտոնանկությունը սկիզբ դրեց Ադրբեջանի վերնախավում մի շարք կադրային փոփոխությունների: Փոխվարչապետի պաշտոնում 75-ամյա Հաջիբուլա Աբութալիբովին փոխարինեց 71-ամյա Ալի Հասանովը:

2020թ. սկզբում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց 44-ամյա Սամիր Նուրիևը, իսկ կառավարությունը գլխավորեց 63-ամյա Ալի Ասադովը:

Ադրբեջանի նախագահը ցանկանում է երիտասարդացնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային կառույցներում Ադրբեջանի պատվիրակությունների կազմը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կմեկնարկեն փետրվարի 9-ին, ժամը 08:00-ին: Նոր խորհրդարանը կընտրվի 5 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը