Աշխարհ

06.02.2020 17:40


Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

Այսօր` փետրվարի 6-ին, Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:

«Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարներն ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանային ծրագրերի կարևորությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնևում սկսվել է հունվարի 29-ին և ավարտվել հունվարի 30-ին: Հանդիպումն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը