Լրահոս

03.03.2011 10:45


Պարզաբանում` Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթացի վերաբերյալ

Պարզաբանում`  Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթացի վերաբերյալ

Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթաց իրականացվում է հանրապետության ողջ տարածքում:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից մարզպետներին տարեսկզբին հանձնարարվել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական եւ կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում կազմակերպելու համար:

Նման հանձնարարականի նպատակը Բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների (օրինակ` զորակոչի հաշվառման) արդյունավետ կազմակերպման համար:

Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ:

Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաեւ, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որեւէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներվ, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաեւ այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում:

Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի մինչեւ 16 տարեկան երեխաների համար տեղականքները ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվում են անվճար:

Գործընթացը շարունակվելու է մինչեւ ընթացիկ ուսումնական տարվա վերջը եւ կավարտվի մայիսի 30-ին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը