Աշխարհ

05.02.2020 19:50


Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին Իդլիբից դուրս գալու համար

Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին Իդլիբից դուրս գալու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 ամիս ժամանակ է տվել Սիրիայի իշխանություններին՝ կառավարական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող թուրքական հենակետերից ավելի հետ քաշելու համար: Էրդողանը շեշտել է, որ եթե Սիրիայի իշխանությունները փետրվարի ընթացքում հետ չքաշվեն, Թուրքիան ստիպված կլինի այդ գործն անձամբ իրականացնել:

Էրդողանն այս հայտարարությունը հիմնավորել է՝ հղում անելով Ադանայի համաձայնագրի դրույթներին, որը Թուրքիան և Սիրիան ստորագրել էին 1998 թվականին: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագիրը Թուրքիային իրավունք է տալիս ահաբեկչական սպառնալիքից իր սահմանների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ներկայություն ունենալ այդ տարածքներում (Սիրիայի հյս շրջաններում- խմբ.):

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Թուրքիան ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի իր որևէ դաշնակցի, բարեկամի և որևէ այլ երկրի հետ առճակատման գնալ:

Անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքներին՝ Էրդողանը նշել է. «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ հասկանա Սիրիայում մեր մտահոգությունները»:

Հիշեցնենք, որ Իրանի և Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան այնտեղ 12 հենակետ էր հիմնել: Իդլիբում իրավիճակը լարումը կապված է Սիրիայի կառավարական ուժերի վերջին առաջխաղացման հետ: Նշենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 7 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը