Աշխարհ

05.02.2020 17:20


ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:

Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին:

Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար:

Զուբովը նշել է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալ և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:

Այն հարցին, թե արդյոք օրենքի ընդունումից հետո օտարերկրյա ներգաղթյալները երեխաներ չեն ունենա Ռուսաստանում` քաղաքացիություն ստանալու նպատակով, փոխնախարարը պատասխանել է, որ իրենք Ռուսաստանի դռները չեն բացում բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են գալ, այլ այդ հարցին մոտենում են խիստ ընտրություն կատարելով:

Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ:

Այս խորագրի վերջին նյութերը