Լրահոս

03.03.2011 00:13


«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն ընդդեմ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը 2011 թվի մարտի 02-ին հայցով` քաղաքացիական հայցով` ընդդեմ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության դիմել է  ՀՀ Վարչական դատարան: Հայցապահանջը 2011 թվի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ոստիկանության աշխատակիցների կողմից իր ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունք խախտման փաստի ճանաչումն է:

Հայցում մասնավորաբար ասվում է.

«…2011 թվի փետրվարի 17-ին իմ անձնական օգտագործման Ford Escape մակնիշի 24OU353 պետհամարանիշով ավտոմեքենայով իմ բնակարանից` Գյումրու Ղանդիլյան փողոց 27Բ/16 հասցեից առավոտյան ժամը 07:20-ին ուղեւորվել եմ Գյումրու Սայհաթ-Նովա փողոց, կայանել եմ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դիմացի մայթին: Ժամը 07:50 րոպեին շարժվել եմ այդ տեղից դեպի հարավ` Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցի խաչմերուկը, սակայն խաչմերուկը այդ պահին փակել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության չորս ավտոմեքենաներ եւ 20-ից ավելի ոստիկաններ, չթողնելով դուրս գալ Սայաթ-Նովա փողոցից: Ոստիկանները փողոցը փակելու մասին որեւէ բացատրություն չեն տվել իմ բանավոր հարցումներին: Այդտեղ շրջադարձ կատարելով, շարժվել եմ փողոցի հյուսային ելքը` Անկախության հրապարակի ուղղությամբ, սակայն այստեղ եւս ՃՈ չորս ավտոմեքենաներ եւ այլ` առանց հատուկ տարբերանշանների ավտոմեքենաներ նույնպես փակել են փողոցից ելքը դեպի Անկախության հրապարակ: Այդ ընթացքում ոստիկանները փակվել են նաեւ Սայաթ-Նովա փողոցին հարող բոլոր նրբանցքների մուտքերը` Ոստիկանական Վիլիս ավտոմեքենաներով եւ ավելի քան 50 ոստիկաններով: Ստեղծված շրջափակման մեջ են հայտնվել մոտավորապես ութ ավտոմեքենա, այդ թվում եւ իմ ավտոմեքենան` ինձ հետ միասին:

Շրջափակումը տեւել է ավելի քան տասը ժամ` մինչեւ ժամը 18:02-ը, երբ ոստիկանները բացել են փողոցի բոլոր ոստիկանական պատնեշները: Այդ ամբողջ ընթացքում փողոց ազատ ելումուտ են արել ոստիկաններին պատկանող ծառայողական եւ անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ, եւ արգելվել է իմ եւ այստեղ շրջափակված այլ յոթ ավտոմեքենաների տեղաշարժը Սայաթ-Նովա փողոցից դուրս: Արգելվել է նաեւ այլ ավտոմեքենաների մուտքը Սայաթ-Նովա փողոց:

Իմ, այլ վարորդների, լրագրողների եւ քաղաքացիների բոլոր բանավոր հարցումներին ոստիկանները որեւէ բացատրություն չեն տվել ազատ տեղաշարժի արգելափակման մասին: Այստեղ արգելապատնեշների մոտ ժամեր շարունակ եղել է ավելի քան 150 ոստիկան` ոստիկանական եւ քաղաքացիական հագուստներով, այդ թվում ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալներ Գ.Թադեւոսյանը եւ Հ.Ավետիսյանը, Գյումրու քաղաքային բաժնի պետ Ա.Բիչախչյանը, Ախուրյանի բաժնի պետ Ենգոյանը եւ այլք:

Ես այս ապօրինության մասին հաղորդում եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին:

Այս գործողություններով ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային, Գյումրու քաղաքային, Ախուրյանի բաժինների, (գուցեեւ այլ բաժիների ոստիկանները) խախտել են ՀՀ Սահմանադրության 25 հոդվածով ազատ տեղաշարժի իմ իրավունքը.

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:): Այսով խախտվել է նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը:

Չսահմանափակելով հազարավոր ավտոմեքենաների ազատ ելումուտը քաղաքի այլ տարածքներ, եւ, արգելելով իմ ավտոմեքենայի ազատ ելումուտը Գյումրու այլ տարածքներ, բացառությամբ Սայաթ-Նովա փողոցի, Ոստիկանության աշխատակիցները խախտել են ՀՀ Սահմանադրության 14 եւ 14.1 հոդվածները նույնպես.

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 68-րդ, 72 հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածով,

Խնդրում եմ Ճանաչել իմ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը…»։

Այս խորագրի վերջին նյութերը