Տնտեսական

05.02.2020 09:50


Արտաքին առևտուրն ու ավտոմեքենաները

Արտաքին առևտուրն ու ավտոմեքենաները

Տնտեսական տարվա ամփոփ նախնական մակրոտնտեսական տվյալները հրապարակվել են։ Դրանց մի մասը իշխանությունները ոգևորված տիրաժավորեցին՝ հնարավորինս նուրբ շրջանցելով արտաքին առևտրաշրջանառության տվյալները։ Մինչդեռ այստեղ բավական բարձր արդյունք է արձանագրվել։ Խոսքը 10․4 տոկոս աճի մասին է։ Բնականաբար, առաջանցիկ տեմպը ներմուծումներին է՝ 10․8 տոկոս։ Իսկ արտահանումների աճը հայտարարված է 9․4 տոկոս։ Բացարձակ թվերով արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 8․154 մլրդ դոլար։ Այդ գումարից արտահանման բաժինը մոտ 2․640 մլրդ դոլար է, ներմուծումներինը՝ մոտ 6․514։

Բացասական սալդոն ավելի մեծ է, քան արտահանումների ծավալը՝ մոտ 2․874 մլրդ դրամ։ Բայց միայն բացասական սալդոյի փաստը բավարար պայման չէ։ Միայն այդ պատճառով իշխանություններն իրենց չէին «զրկի» աճի թվերով հպարտանալուց։ Այստեղ հավանաբար այլ պատճառ կա։

Վերջին շրջանում մոդայիկ է մեր մակրոտնտեսական թվերը Վրաստանի նույն թվերի հետ համեմատելը։ Վրաց արտաքին առևտրի ֆիզիկական ծավալը մեր ցուցանիշի հետ համեմատ ավելի մեծ է։ Բնականաբար։ Վրաց արտաքին առևտուրը մոտ 12․1 մլրդ դոլար է։ Դրանից արտահանումը կազմում է 3․8 մլրդ, իսկ ներմուծումը՝ 9․1 մլրդ դոլար։ Սակայն Վրաստանի տնտեսական ղեկավարությունը վերջին տարիներին այս թվերին զուգահեռ ևս մեկ փաստ է հրապարակում։ Խոսքը մարդատար ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ծավալների մասին է։ Վրաց արտաքին առևտրի մեջ այս ոլորտին բաժին է ընկնում մոտ 1․338 մլրդ դոլարը։ Այս երկրում հրապարակում են, որ անցած տարի ներմուծել են 651․6 մլն դոլար արժեքի ավտոմեքենա և արտահանել են 686․7 մլն դոլար արժեքի։ Այսինքն վրաց վիճակագիրներն ընդգծում են, որ 1․338 մլրդ դոլարից իրենց տնտեսության իրական մասնաբաժինը մոտ 35 մլն դոլար է։ Այն ստեղծվում է տեխնիկական աշխատանքների (օրինակ, ղեկի դիրքը փոխելու) և մաքսատուրքերի գանձման արդյունքում։

35 մլն դոլարից բացի մյուս գումարը սովորաբար անվանում են «տնտեսական փուչիկ»։ Այսինքն տվյալ, որ ուռճացնելով «բարեկիրթ» տեսք է տալիս մակրոտնտեսական պատկերին։ Բայց այդ տեսքի տակ իրական արժեք չկա։

Հիմա ժամանակն է անդրադառնալու ավտոմեքենաների մեր բաժին փուչիկին։ Մեր վիճակագրությունն ինքնուրույն հաշվարկ չի ներկայացնի։ Հավանաբար։ Հատկապես, որ հիմա կուտակված ու արդեն իրացված ավտոմեքենաների շուրջ տնտեսական խնդիրներ կան։ Այն, որ այդ խնդիրները վաղ, թե ուշ ծագելու են, նկատելի էր վաղուց։ Մեր կիսատ-պռատ վիճակագրությունն արձանագրել էր, որ հուժկու տեմպով աճում է ավտոմեքենաների ներմուծում-արտահանումը։ 2016-ին ներմուծվել է մոտ 89 մլն դոլարի ավտոմեքենա, արտահանվել՝ մոտ 14 մլն-ի։ 2017-ին ներմուծվել է մոտ 134 մլն-ի, արտահանվել՝ 12 մլն-ի։ 2018-ին ներմուծվել է 235 մլն-ի, արտահանվել՝ 19 մլն-ի։

Հիմա հասանելի են միայն 2019-ի հունվար-նոյեմբերի տվյալները։ Ներմուծվել է մոտ 452 մլն դոլարի ավտոմեքենա, արտահանվել՝ 20 մլն արժեքից մի փոքր ավելի արժեքի։

Ներմուծման ու արտահանման թվերի հսկայական տարբերությունը հուշում էր, որ ոլորտում ինչ-որ բանն այն չէ։ Պաշտոնապես հավանաբար որպես արտահանում չէին արձանագրվում հայկական համարանիշներով Ղազախստան արտահանվող ավտոմեքենաները։ Ավտոմեքենաների ներմուծում-արտահանման ոլորտի տարօրինակ անհամամասնությունները նկատելի էին դեռ 2019-ի հունվարից։ Այդ ամսին արտահանվել էր 3․6 մլն դոլար արժեքի։ Հետո ցուցանիշը նվազեց։ Հուլիսին «վերականգնվեց» այդ ծավալը։ Հետո կրկին նվազեց։ Փոխարենը անզուսպ աճում էին ներկրումները։ Հուլիսին ներկրվել է 44 մլն դոլարի ավտոմեքենա, օգոստոսին՝ 52, սեպտեմբերին՝ 60․5, հոկտեմբերին՝ 78, նոյեմբերին՝ 79 մլն դոլարի։ Կուտակումները վաղուց արդեն նկատելի էին մայրաքաղաքի փողոցներում։ Նույնիսկ՝ բանուկ ու կենտրոնական փողոցներում։

Ավտոներկրող ընկերություններից մեկը մուծած 11․834 մլրդ դրամ հարկերով 12-րդն է խոշոր հարկատուների ցանկում։ Փաստորեն, ավտոմեքենաների ներկրումն արեց իր գործը՝ «փքեցրեց» արտաքին ապրանքաշրջանառության տվյալները։ Ու հիմա փորձառու ու անփորձ, մանր ու խոշոր ներկրողները մնացին մենակ, բայց թիկունքում ունենալով վերցրած վարկերի ու առայժմ չիրացվող ավտոպարկ։ Ահա թե ինչու արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարի հպարտության թեմա չէ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը