Լրահոս

02.03.2011 18:06


ԱՊՊԱ–ի հետ կապված՝ Հայաստանի քաղաքացիները Վրաստանում խնդիրներ չե՞ն ունենա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության որոշմամբ այսուհետ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն, որը մի քանի անգամ ավելի թանկ է։ Տուրք տալով բողոքներին՝ կառավարությունը որոշում կայացրեց վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունեցող սոցիալապես անապահով վարորդներին արտոնյալ վարկեր տրամադրել, որպեսզի վերջիններս իրականացնեն մաքսազերծումը։

Բացի դա, ԱՊՊԱ կտրոնը, որն ըստ ՀՀ–ում գործող կարգի՝  պետք է անպայման ավտոմեքենայի դիմապակուն փակցված լինի, խնդիրներ էր առաջացնում Վրաստանում, քանի որ դիմապակուն որևէ բան փակցնել այնտեղ արգելված է։

ԱԺ–կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն անդրադարձել է այս խնդիրներին և հարցրել, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկվե՞լ է Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվելու ուղղությամբ, և արդյոք  հաշվի առնվե՞լ է, թե վարորդներին տրամադրվող 6–ամսյա վարկը չմարելու դեպքում ի՞նչ է լիենլու նրանց հետ։

Հարցին ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, թե Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համապատասխան պայմանավորվածություն կա, ըստ որի վրացական իշխանությունները  չեն պահանջի, որ ԱՊՊԱ կտրոնները պոկվեն մեքենաների դիմապակիներից, և ԱՊՊԱ–ի տեսակետից որևէ խնդիր չկա։

–Ինչ վերաբերում է, թե ի՞նչ պետք է լինի այն քաղաքացիների հետ, ովքեր մեքենաների մաքսազերծման համար վերցրած վարկերը չկարողանան մարել, ապա ենթադրվում է, որ, ըստ նախնական գնահատականի, 6–ամսյա վարկերը պետք է որ բավարարեն այս վարորդների հիմնական  զանգվածին։ Եթե հանկարծ խնդիրներ առաջանան վարկերի մարման տեսանկյունից, ապա դրանք ենթակա են ճիշտ նույն  տրամաբանությանը, ինչ ցանկացած առևտրային և ոչ առևտրային վարկ։ Ըստ իրադրության՝ դրանք կա՛մ կարող են ենթարկվել  բռնագանձման, կա՛մ ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ հետաձգվել։ Ժամկետի տեսակետից միայն  6 ամիս հետո, երբ հստակ կլինի պատկերը, կարելի է այս հարցին պատասխանել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը