Տնտեսական

01.02.2020 11:20


Ղազախական կողմը բավականին մարտական է տրամադրված. Հայաստանը կմեղմացնի՞ Ղազախստանի կոշտ դիրքորոշումը. «Ժողովուրդ»

Ղազախական կողմը բավականին մարտական է տրամադրված. Հայաստանը կմեղմացնի՞ Ղազախստանի կոշտ դիրքորոշումը. «Ժողովուրդ»

«ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղա­փոխման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար:

Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է և մասնակցում է ԵԱՏՄ նիստին:

Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրաձայնելու է այս խնդիրը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ և հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարու­թյունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար ԵԱՏՄ նիստին բարձրացրել է արդյոք այս հարցը:

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը