Աշխարհ

31.01.2020 14:40


Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող պատգամավորին

Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող պատգամավորին

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Կարին Շտրենցին:

Շտրենցը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ երկրի շահերի լոբբինգով զբաղվելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագն անցած տարի Կարին Շտրենցին տուգանել էր 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար:

Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Մասնավորապես, նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018թ. ապրիլին հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին:

Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող դիտորդական առաքելության կազմում: Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Կարին Շտրենցը պնդել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ Լինտների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն նրանում, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազությունը գործ է հարուցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցի և նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ:

«Ավելի վաղ՝ 2019թ․մարտին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության գերմանական ներկայացուցչությունը՝ «Թրանսփարենսի Դոյչլանդը», առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացրել ընդդեմ գերմանական Բունդեսթագի ներկա և նախկին մի քանի անդամների՝ կապված «ադրբեջանական լվացքատան» սկանդալային գործի հետ։ 2019թ․մայիսին Ռոստոկ քաղաքի դատախազը որոշում էր կայացրել վարույթ չսկսելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆրանկֆուրտի դատախազը Կարին Շտրենցին մեղադրում է «ադրբեջանամետ դիրքորոշման» միջոցով առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու մեջ։ ԵԽԽՎ նախկին անդամ Էդուարդ Լինտները մեղադրվում է Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով 2008-2016թթ. մոտ 4 մլն եվրո ստանալու մեջ, որն այնուհետև պետք է փոխանցեր ԵԽԽՎ այլ անդամների, որոնք սրա դիմաց դրական կարծիքներ են արտահայտել ադրբեջանական կառավարության մասին և նպատակադրված դեմ են արտահայտվել քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը։

Այս խորագրի վերջին նյութերը